ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ տարածած հայտարարության մեջ նախարարությունը հերքել է շաբաթներ առաջ համացանցում տարածված տեղեկությունները, ըստ որոնց՝ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։
Նախարարությունը հավաստիացրել է, որ ահազանգի հետքերով պարկի մասնագետների անցկացրած ուսումնասիրություններով ու դիտարկումներով տարածքում խլուրդների անկման որեւէ դեպք չի գրանցվել։
Իր հայտարարությունում շրջակա միջավայրի նախարարությունը պնդել է, որ ազգային պարկի աշխատակիցներն ու մասնագետները պատշաճ իրացնում են տարածքի պաշտպանության եւ պահպանության իրենց վերապահված լիազորությունները՝ միաժամանակ հորդորելով զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց եւ հանրությանը միտումնավոր մանիպուլյացիաների ենթարկելուց:
Մինչդեռ բուն հայտարարության մեկնաբանություններում իրավիճակին տեղում ծանոթացած ֆեյսբուքյան օգտատերերը, դրանց թվում նաեւ Բնապահպանի տուն հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հերքել են շրջակա միջավայրի նախարարության հերքումը՝ խլուրդների անկման վերաբերյալ իրենց բերած նոր փաստարկներն ամրագրելով համապատասխան լուսանկարներով։
«Անձամբ ես 3 հատ 2 օրում տեսել եմ։ Դրանք տեսնելու համար պետք է երկար քայլել անտառում։ Փաթեթավորված դրված չեն ակնհայտ տեղում։ Իսկ դուք հստակ գիտե՞ք՝ ինչքան են քայլել, փնտրել, որ չեն գտել»,- մասնավորապես նշել է օգտատերերից մեկը։