Անցած շաբաթ Երեւանում անցկացվեցին հայ-վրացական պոեզիայի «Այրվող բանաստեղծ» եռալեզու գրական օրերը, որի կազմակերպիչները Հայաստանի եւ Վրաստանի PEN կենտրոններն էին։ Նախաձեռնությանը միացել էր նաեւ PEN Ամերիկան։ Նպատակը տարածաշրջանային երկխոսության խթանումն էր, հայ-վրացական գրական կապերի վերահաստատումը։ Թեեւ օրերը բանաստեղծական էին, բայց առիթ եղավ ծանոթանալու նաեւ արձակագիրներ Նանա Աբուլաձեի դեբյուտային «Ակումի» եւ Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպերին։
««Բամբակե պատերը» վեպում կա սյուժետային մի գիծ, որտեղ հայ ուսանողները սովետական, բրեժնեւյան լճացման շրջանում վրացի համախոհների են գտնում եւ լեզվի պաշտպանության, ռուսերենի գերիշխանությունը հաստատելու մի որոշման դեմ բողոքելու միասնական գործողություն են մշակում»,- գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ նման օրինակները պետք է հնարավորինս տարածվեն, որպեսզի բաց չթողնենք համագործակցելու առիթները։
«Այրվող բանաստեղծ» եռալեզու գրական օրերի գալա-հավաքում, որը տեղի ունեցավ «Գաֆեսճյան» թանգարանի դահլիճում, հայերը կարդում էին իրենց բանաստեղծությունները, վրացի գործընկերները հնչեցնում էին վրացերեն թարգմանությունը։ Զուգահեռ նույնն ընթերցվում էր նաեւ անգլերեն։ Երկրորդ մասում տեղերը փոխվել էին։ Հայ եւ վրացի բանաստեղծները ներկայացված էին զույգերով՝ Անուշ Քոչարյան-Թեա Թոփուրիա, Տաթեւ Չախյան-Շալվա Բակուրաձե, Տիգրան Պասկեւիչյան-Ռաթի Ամաղլոբելի, Մարինե Պետրոսյան-Շոթա Իաթաշվիլի, Կարեն Անտաշյան-Պաատա Շամուգիա։
«Տաղանդավոր հեղինակներ ունեք, եւ կարծում եմ, որ իրենք էլ չեն հիասթափվի մեր վրացի հեղինակներից։ Շատերի հետ ծանոոթացա, բայց իմ ոճին հարազատ Կարեն Անտաշյանն էր, զարմացած էի նույնիսկ, այնքան շատ էին մեր ընդհանրությունները, որ որոշեցինք՝ ես վրացի Անտաշյանն եմ, իսկ Կարենը հայ Շամուգիան է»,- ասում է վրացական PEN-ի նախագահ, բանաստեղծ Պաատա Շամուգիան։
«Այրվող բանաստեղծ» գրական փառատոնի նախապատրաստական փուլում վերանայվել են նախկինում արված եւ հրապարակված թարգմանությունները, թարգմանվել են նոր հեղինակների նոր գործեր։ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի դահլիճը լեզուների եւ բանաստեղծական մտքի փոխանակման հարթակ էր դարձել։
«Կարծում եմ՝ պետք է նույն տեմպով թարգմանենք իրար։ Չէ՞ որ նույն տարածաշրջանից ենք, նույնանման ճակատագիր ունենք, ազգային առանձնահատկություններ, շատ ընդհանուր գծեր, ինչն անդրադառնում է պոեզիայի մեր ընկալման վրա»,- ասում է բանաստեղծ, թարգմանիչ Շոթա Իաթաշվիլին։
Հայ հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունների նախաձեռնությունը վրացագետ, թարգմանիչ Ասյա Դարբինյանինն է։ Տեքստերի վրա աշխատել է վրացի բանաստեղծ Դիանա Անփիմիադին։ «Կարծում եմ, համատեղ թարգմանած «Արդի հայ պոեզիայի անթոլոգիան» մեծ նվեր է վրաց ընթերցողին։ Այս գրքում ընդգրկված են տարբեր հեղինակներ, յուրաքանչյուրը՝ յուրովի հետաքրքիր։ Մենք ապրում ենք կողք կողքի եւ պետք է միմյանց, մեր ժամանակակիցներին ավելի լավ ճանաչենք»- ասում է Դիանա Անփիմիադին։
Վահրամ Մարտիրոսյանը կարեւորում է հաղորդակցությունը, փոխադարձ թարգմանությունները. «Մենք հարեւան ժողովուրդներ ենք եւ իրար միշտ կարդացել ենք ռուսերեն։ Նույնիսկ թշնամիների հետ հարաբերությունը կարող է ավելի բարելավվել, եթե մենք իրար մշակույթին ավելի լավ ծանոթ լինենք, եւ դրա հիման վրա ձեւավորվի փոխադարձ հարգանք»։
Վրացական PEN-ի նախագահ Պաատա Շամուգիան ասում է՝ կապը չպետք է ընդհատվի։ «Կարծում եմ՝ այս նախագիծը հայ եւ վրացի գրողներին կօգնի ընդհանուր լեզու գտնելու, առավել ինտենսիվ, քան մինչ օրս էր»։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։