Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտնել է, որ ըստ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա օգտագործման համաձայնագիրը» վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի՝ Հայաստանը միանում է ՌԴ-ում 2018-ի հունիսի 6-ին ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ստորագրված «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգի միասնական օգտագործման նախաձեռնությանը»։
Նախաձեռնությանը միանալը նպատակ ունի ՌԴ ռազմական նշանակության արբանյակային կապի հիման վրա ձեւավորել ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգ։
Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ-ն համաձայնագրին միանում է մեկ վերապահումով․ «ՀՀ-ն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին»։
Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, ՌԴ-ն, Ղազախստանը եւ Ղրղզստանը։ Չեն ստորագրել Ուկրաինան, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Մոլդովան եւ Թուրքմենստանը։