Թուրքիայում մի խումբ մտավորականներ, նրանց թվում՝ 47 լրագրող եւ իրավաբան, համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել պոլսահայ պատգամավոր, Թուրքիայում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանին՝ նշելով, որ Փայլանի հասցեին հնչող բոլոր սպառնալիքներն ու վիրավորանքները համարում են նաեւ իրենց հասցեագրված։
Այն բանից հետո, երբ Փայլանը խորհրդարանում ներկայացրեց «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ ցեղասպանություն իրագործածների անունները հանրային տարածքներից հեռացնելու» մասին օրինագիծ, դա պատճառ դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորը թիրախավորվի թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության կողմից:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի՝ մեջլիսին ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ էր ուղարկել: Որոշումը հիմնավորվել էր նրանով, որ առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։
Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» առաջնորդ Դեւլեթ Բահչելին, անդրադառնալով մեջլիսի ընդդիմադիր պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի` Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկին, սպառնացել էր Փայլանին՝ զգուշացնելով, որ մեջլիսը նրան կզրկի պատգամավորական մանդատից:
Թուրքիայի ընտանեկան հարցերի եւ սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը արձագանքել է թուրքական խորհրդարանի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ընդունելու առաջարկին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է դատական համակարգին, որ Փայլանի՝ «սահմաններ չճանաչող, հակաիրավական եւ բարոյազուրկ այդ քայլը» արժանանա համապատասխան գնահատականի: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն էլ հայտարարել է, որ Փայլանի դեմ «իրավական գործընթաց» են սկսելու։
Հիշեցնելով ատելության խոսքի զոհ մեկ այլ հայ գործչի՝ Հրանտ Դինքի ճակատագիրը՝ թուրք մտավորականները նշել են, որ թուրքական պետությունը եւ պաշտոնատար այրերը, ազգը ներկայացնող բոլոր քաղաքական գործիչները, իրավապահ համակարգը, տեղական իշխանությունները պատասխանատու են Կարո Փայլանի ապահով եւ անվտանգ կյանքի համար։
«Եթե կարգավորման գործընթացը թողնենք միայն պետություններին, չեմ կարծում, թե այն կհաջողի, որովհետեւ պետությունները մշտապես իրենց շահերին են նայում. ազգայնական քաղաքական գործիչների բղավոցները լսելով՝ միանգամից կարող են հետքայլ անել։ Մինչդեռ մենք՝ որպես քաղաքացիական հասարակություններ, պետք է կարողանանք մտնել այս գործընթացի մեջ»,- «Ալիք Մեդիա»-ին տված բացառիկ հարցազրույցում ընդգծել է Կարո Փայլանը։