Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան Financial Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է կենտրոնանա Ուկրաինային օգնություն տրամադրելու, այլ ոչ թե նրան Միությանն անդամակցելու համար թեկնածու երկրի կարգավիճակ տալու վեճերի ուղղությամբ։
Ըստ Կոստայի՝ թեկնածուի կարգավիճակի քննարկումը Ուկրաինայում «կեղծ սպասումների» վտանգ է ստեղծում, որը հետագայում կվերածվի «դառը հիասթափության»։
Պորտուգալիայի վարչապետը նաեւ հիշեցրել է, որ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը տվյալ երկրի անդամակցության գործընթացի միայն սկիզբն է, որը կարող է տարիներ ձգվել։ Դա չի լուծի Ուկրաինայի ներկա խնդիրները, որոնք, նրա կարծիքով, շտապ գործողություններ են պահանջում։
Կոստան նաեւ մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայի՝ թեկնածուի կարգավիճակի մասին բանավեճը միայն տարաձայնություններ կսերմանի ԵՄ անդամների միջեւ, դրանով իսկ «նվեր կմատուցի» Ռուսաստանին։
Financial Times-ը նշում է, որ Պորտուգալիայի վարչապետի խոսքերը եւս մեկ անգամ վկայում են եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների անորոշության մասին՝ Կիեւին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտության հարցում։
Խնդրի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունվի Բրյուսելի գագաթնաժողովում հունիսի 23-24-ը։ Այդ օրը կքննարկվի նաեւ Մոլդովային եւ Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հարցը:
Ուկրաինային ԵՄ լիիրավ անդամակցություն տրամադրելով՝ բլոկը կարող է փլուզվել
Իր հերթին ամերիկյան Bloomberg գործակալությունը գրում է, որ Ուկրաինային Եվրամիության լիիրավ անդամակցություն տրամադրելով՝ ԵՄ-ի համար կստեղծվեն նոր մարտահրավերներ, եւ դաշինքը, որը երբեք լավ կառավարման մոդել չի եղել, կարող է փլուզվել:
Ըստ պարբերականի՝ դա վերաբերում է նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, ինչպես նաեւ հերթում կանգնած մյուս բալկանյան երկրների՝ Եվրամիությանն անդամակցելուն։
Հոդվածագիրը ԵՄ-ի ընդլայնման դեպքում խնդիրներ է կանխատեսել, քանի որ վերոնշյալ երկրների տնտեսությունը, դատական համակարգը եւ մյուս կառույցները պատրաստ չեն միանալու Եվրամիությանը։
Bloomberg-ը նշում է, որ խնդիրների պատճառը միայն «լեզուների, ավանդույթների եւ ազգային շահերի բաբելոնյան քաոսը» չէ, չեն թարմացվում նաեւ այն պայմանագրերը, որոնք դադարել են ժամանակակից իրողություններին համապատասխանելուց։
«Ընդլայնման յոթ փուլից յուրաքանչյուրի հետ՝ սկզբնական վեց երկրից մինչեւ ներկայիս 27-ը, Եվրամիության կառավարումը դարձել է ավելի բարդ եւ անգործունակ»,- նկատել է Bloomberg-ի վերլուծաբանը: