Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը մոտ ժամանակներս տեղի չի ունենա:
«Առայժմ նման հանդիպում նախատեսված չէ, որքան գիտեմ»,- ասել է Ուշակովը։
Մակրոնը դեռեւս չի որոշել Կիեւ այցելելու օրը
Ֆրանսիայի կառավարության խոսնակ Օլիվիա Գրեգուարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ չի որոշել, թե երբ է այցելելու Կիեւ:
«Էմանուել Մակրոնը միշտ ասում էր, որ ժամանակին կայցելի Կիեւ, դեռ ոչինչ որոշված չէ»,- ասել է նա։
Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Բրունո Կասանելը ավելի վաղ հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը Կիեւ կժամանի հունիսի 15-ին։ Բացի այդ` լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 16-ին Ուկրաինայի մայրաքաղաք կժամանեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։
Պուտին-Էրդողան քննարկումներ առայժմ չեն նախատեսվում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մոտ ապագայում քննարկում չի ունենա:
Պեսկովը նշել է, որ նախագահների միջեւ հացահատիկի թեմայով քննարկում նախատեսված չէ, եւ որ անհրաժեշտության դեպքում նման քննարկումներն անհապաղ կկազմակերպվեն:
«Առայժմ նախագահի ժամանակացույցում նման զրույց նախատեսված չէ։ Բայց մյուս կողմից, Էրդողանի հետ զրույցներն, ըստ անհրաժեշտության, շատ արագ ներառվում են օրակարգում։ Այս պահին նման վերջնական պայմանավորվածություն չկա», — ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Այց կատարելու ցանկությունը պապի սրտում
Ավելի վաղ Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը La Stampa պարբերականին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր էր առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ներկա իրավիճակում նման այցը իմաստ չի ունենա:
Պիետրո Պարոլինը հավելել է, որ Ուկրաինա առաքելական այց կատարելու ցանկությունը վառ է մնում Ֆրանցիսկոս պապի սրտում: