Ըստ ճապոնական The Asahi պարբերականի՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) իշխանությունները դիմել են Չինաստանին՝ կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով երկու երկրների միջեւ ապրիլի վերջից դադարեցված երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու խնդրանքով:
Թեեւ Փհենյանը նախկինի պես վախենում է Չինաստանից վարակի տարածումից, սակայն նրան ավելի անհանգստացնում է պարենի եւ դեղորայքի՝ երկրում աճող կարիքը: Հյուսիսային Կորեան առաջարկում է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Յալուցզյան (Ամնոական) սահմանային գետի կամրջով:
Չինաստանի իշխանությունները մտադիր են զգուշավորությամբ ուսումնասիրել այդ առաջարկը՝ երկյուղ կրելով ԿԺԴՀ-ի տարածքից վարակումների տարածումից: Երկու երկրների միջեւ գնացքների երթեւեկությունը դադարեցվել էր 2020-ի հունվարին՝ ՉԺՀ-ում քովիդի համաճարակից անհանգստացած Փհենյանի որոշմամբ:
Այս տարվա հունվարին գնացքների երթեւեկությունը վերականգնվել էր, սակայն ապրիլի վերջին երկու երկրներում կորոնավիրուսի տարածման իրավիճակի սրման պատճառով կրկին դադարել էր: Մասնավորապես, խիստ կարանտինային սահմանափակումներ էին սահմանվել Չինաստանի Դանդուն քաղաքում, որտեղից գետի վրա կամուրջ է գցված դեպի ԿԺԴՀ: