Եթե Արցախի եւ Հայաստանի սոցիոլոգների, մարդաբանների, պատմաբանների, լրագրողների համար Կովկասի գործընկերների հետ շփումը նեղ մասնագիտական տիրույթում գործելու հարց է, ապա շատերիս համար՝ տարածաշրջանը եւ մարդկանց իմանալու, հաղորդակցային որոշ փակ ուղիներ բացելու միջոց։ Իհարկե, կա նաեւ հարցի մասնագիտական կողմը։
Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, բարձրագույն ուսումնական եւ արվեստի հաստատությունները, ընդհանրապես՝ կրթության միջազգայնացումը, առանցքային են հակամարտող երկրների հարաբերությունների կարգավորման, աշխարհից՝ չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրների մեկուսացման հաղթահարման տեսակետից։ Ուղղակի արվեստի հաստատությունների, հատկապես թանգարանների դերը տարբեր երկխոսությունների կայացման գործում նույն հեշտությամբ կամ միանգամից չի ընկալվում, ինչպես համալսարանների դեպքում է, եւ դրանց՝ որպես նյութական առարկաների, օբյեկտների վրա հիմնված կրթության (object-based learning) վայր վերաբացահայտելու անհրաժեշտությունն ակնհայտ է։
2020 թվականի աշնանը հնարավորություն ունեցա Zoom տեսակապով մասնակցել բեռլինյան «Միջանցքներ» (Corridors) հասարարական կազմակերպության նախաձեռնած «Նպաստելով երիտասարդ գիտնականների եւ խաղաղարարների կարիերայի առաջխաղացմանը» ֆորումին, որն ամփոփվեց հոդվածների, կարծիքների եւ առաջարկների համախումբ ներկայացնող «Ըմբռնումներ Կովկասի խաղաղարարների եւ երիտասարդ գիտնականների կողմից» հրատարակությամբ։
Արցախյան վերջին պատերազմն ու մեր տեսակոնֆերանսն ընթացան համաժամանակյա ռեժիմով։ Ամեն օր ակնկալելով պատերազմի դադարեցում եւ ավարտ՝ մենք հետաձգում էինք ու նորից վերսկսում մեր աշխատանքը՝ զգալով ֆորումում մեր առաջադրած հարցերի ե՛ւ ակտուալությունը, ե՛ւ անպատեհությունը, որն ինձ համար հոգեբանորեն լրացվում էր Արցախից՝ Ստեփանակերտից մասնակցի ներկայությամբ։ Անդրադարձել եմ գրքի եւ ֆորումի այն հարցերին, որոնք փոքրիշատե առնչվում են Հայաստանի եւ Արցախի համատեքստին եւ չեն սահմանափակվում հակամարտության թեմայով։
Հակամարտությունների կարգավորման մեջ բարձրագույն կրթության միջազգայնացման դերի գնահատումը գրքի առանցքային թեմաներից է։ Հրատարակության խմբագիր եւ ծրագրի ղեկավար Սեբաստիան Ռելիցի (Բեռլին) եւ Սալիմա Ջիկիրբայի (Սուխումի) հոդվածը վերաբերում է կրթության միջազգայնացման պրոցեսներին Աբխազիայում, որ տուժում է Վրաստանի հետ չլուծված հակամարտության եւ Աբխազիայի մասնակի միջազգային ճանաչման պատճառով։ Սեբաստիանը եւ Սալիման Աբխազիայում բարձրագույն կրթության միջազգայնացումը դիտարկում են երկու հարթությամբ՝ ներքին, որ վերաբերում է կրթությանը տարածաշրջանում, եւ արտաքին, որ առնչվում է Աբխազիայի ուսանողների եւ մասնագետների՝ արտասահմանում սովորելու, դասավանդելու եւ հետազոտելու կարողություններին։
Հոդվածը կարեւոր է նրանով, որ առաջարկում է բարձրագույն կրթության միջազգայնացման խոչընդոտները հաղթահարելու եւ շարժունակությունը բարձրացնելու ուղիներ, որոնք կիրառելի են նաեւ Արցախի դեպքում։ Ե´ւ Աբխազիայի, ե՛ւ Արցախի դեպքում միջազգայնացման եւ շարժունակության ավելի գործնական խոչընդոտներից են միջազգայնորեն ճանաչված անձնագրերի պակասն ու կրթության նպատակով վիզաների ձեռբերման պրոցեսի ոչ բավարար թափանցիկությունն ու արագությունը։ Արցախը եւս եվրոպական ինստիտուտների ներկայության եւ կրթության միջազգայնացման կարիք ունի, սակայն քիչ են հաստատված մեխանիզմները, որ նպաստում են շարժունակությանը, Արցախի ուսանողների եւ դասախոսների՝ միջազգային ծրագրերում ներգրավմանը։
Սեբաստիանը եւ Սալիման նկատում են, որ Աբխազիայում բարձրագույն կրթության խնդիրներից մեկը հակամարտությունների ուսումնասիրության եւ միջազգային հարաբերությունների վրա չափից ավելի սեւեռումն է, որի արդյունքում կարեւոր այլ մասնագիտացումներ (բնական գիտություններ, նոր տեխնոլոգիաներ, լեզվաբանություն եւ այլն) անտեսվում են։
Հեղինակների մյուս առաջարկը վերաբերում է կրթական ծրագրեր կազմելիս եւ նախագծելիս հակամարտությունն ու կարգավիճակը հաշվի առնող, ավելի չեզոք եւ զգայուն տերմինների օգտագործմանը։ Աբխազիայի նման մասնակի ճանաչված երկրների բնակչության մեծ մասի համար խնդրահարույց է համալսարաններ դիմելիս առկա երկրների ցանկում իրենց տարածքի անունը չգտնելը, ուրիշ երկրի անուն նշելը, ինչը, հոդվածի համահեղինակների առաջարկությամբ, կարող է շրջանցվել «Հարավային Կովկաս» տերմինի ընտրությամբ։
Մեկ այլ հոդվածագրի՝ Դարեջան Ցուրցումիայի (Թբիլիսի)՝ Աբխազիային առնչվող տեքստը ցույց է տալիս, թե ինչպես են հանդիպում հակամարտությունների մասին խոսույթներն ու սոցիալական մեդիան, եւ ինչպես են դրանք ազդում աբխազ եւ վրաց հասարակությունների միջեւ հնարավոր երկխոսության մասին հանրային քննարկումների վրա՝ հատկապես ֆեյսբուքում։
Ֆորումի արցախցի միակ մասնակից Լուսինե Վանյանն (Ստեփանակերտ) իր հոդվածում դիտարկում է համայնքային ծառայության կրթությունը (community service learning)՝ որպես Արցախի համալսարանների խաղաղարար դերը ուժեղացնող մեթոդ։ Վերջինս հանրային ծառայության եւ փորձառական կրթության ձեւ է, որտեղ ուսումն իրականացվում է ստեղծարար գործողությունների շարքի եւ տեսական հայեցակարգերի միջոցով, երբ ուսանողները ձգտում են հասկանալ համայնքի տարատեսակ խնդիրները՝ դրանք լուծելու համար, փորձ, որն իր հերթին բերում է նոր՝ ավելի արդյունավետ գործողությունների շարքի։ Խաղաղության կրթության հետ կիսելով մեծ թվով հմտություններ եւ կոմպետենցիաներ՝ Լուսինեի խոսքով, համայնքային ծառայության կրթությունն Արցախում չի սահմանափակվում միայն խաղաղարար ակտիվություններով, այլ ընդգրկում է տարատեսակ ակտիվություններ (իրավաբանական կլինիկա, էկոլոգիայի հիմունքներ, թարգմանություններ Արցախի հեռուստատեսության եւ Արցախ ժամանած արտասահմանցի բժիշկների համար, ռադիո հաղորդումների պատրաստում եւ խմբագրական աշխատանք, հոգեբանական խորհրդատվություն եւ այլն):
Գրքի մեկ այլ հեղինակ (Բաքու), որը ստիպված է անանուն մնալ Ադրբեջանում տիրող խոսքի ազատության ոչ բավարար առկայության պատճառով, իր հոդվածում շեշտում է հակամարտության՝ կառավարությունների, հետազոտողների եւ մեդիայի կողմից այդքան անտեսված՝ հակամարտությանը նախորդած շրջանը (մինչեւ 1990-ականներ) հետազոտելու, այդ շրջանում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի եւ ադրբեջանցիների համագոյակցությունը շեշտելու կարեւորությունը։
Այդ շրջանի մասին գիտելիքի բացակայությունը, ըստ նրա, մեծապես խոչընդոտում է երկու հասարակությունների՝ անգամ խաղաղ տրամադրված երիտասարդ անդամների միջեւ շփմանը։ Անանուն հեղինակի խոսքով՝ կասկած չկա, որ Ադրբեջանի երիտասարդության ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ, որ հակամարտությանը նախորդող շրջանում Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծ մասը եղել են հայեր։
«Միջանցքների» ֆորումը հուշում է, որ պատերազմի բացակայությունը կամ նեգատիվ խաղաղությունը բավարար չէ հասարակությունների միջեւ խաղաղ համագոյակցության համար։
Իսկ վերադառնալով մեր՝ հայաստանյան եւ արցախյան համատեքստին՝ աճում է այն ցանկությունը, որ հարեւանների հետ կարգավորման գործընթացներում ընդգրկված հայաստանյան մասնակիցներն առավել հստակ արտահայտեն վերջին առնվազն 1.5 տարում այդ գործընթացը համախոհության մերժմամբ, պատերազմի ընտրությամբ, Արցախի պատերազմից հետո գերիների վերադարձի կազմակերպման անկարողությամբ եւ տեղահանվածների կյանքի նկատմամբ անտարբերությամբ արժեզրկած Հայաստանի ներկա իշխանական թիմից իրենց անջատումը, որպեսզի հասարակությունների միջեւ եւ ներսում խաղաղությունը պաշտպանելու որեւէ դրսեւորում իմաստ ունենա։
Համադրող է եւ արվեստի տեսաբան։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի եւ արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Համադրել է մի շարք նախագծեր Հայաստանում եւ Գերմանիայում։