Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Իսկանդերի» վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը կարող է ապակողմնորոշման հետեւանք լինել։
««Իսկանդերների» հրթիռների հայաստանյան ամբողջ քանակը երկրի զինված ուժերի պահեստներում է»,- հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
ՌԴ ՊՆ-ն նշում է նաեւ, որ «Իսկանդերները» կիրառվել են Սիրիայում` ահաբեկիչների դեմ պայքարում, ինչը ռուսական կողմը որակում է իբրեւ այդ զինատեսակի արդյունավետ փորձարկում ու այդ տվյալների վրա հիմնվելով պնդում, որ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթելու կամ 10 տոկոսով պայթելու մասին, ըստ ամենայնի հետևանք է ՀՀ վարչապետին մատուցված սխալ տեղեկատվության։
Փաշինյանն 1in.am- ին տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:
«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10%-ով»,- ասել էր Փաշինյանը:
Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»: