Շոտլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի «Tartan Army Sunshine Appeal» երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երեւանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն։
Շոտլանդացի երկրպագուներն իրենց անձնական միջոցներով ֆինանսավորվող բարեգործական հիմնադրամի անունից շուրջ 4 հազար ֆունտ սթերլինգ են փոխանցել երեւանյան «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոնին: «Արվեստարանը» ծրագրեր է իրականացնում կենտրոն հաճախող աուտիզմ եւ զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների եւ երիտասարդների համար։
«Մեր 91-րդ բարեգործական այցը տեղի ունեցավ Երեւանում՝ աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցները եւ երեխաները մեզ անչափ ջերմ ընդունելության արժանացրին: Նրանք մեզ ողջունեցին ազգային հայկական պարերով»,- ասված է երկրպագուների հաղորդագրության մեջ:
Շոտլանդիայում երկրպագուական այս շարժումն ավելի քան 20 տարի մանկական բարեգործական հանգանակություններ է անում այն երկրներում, որտեղ իրենց ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպումներ է անցկացնում։