Իմ շատ ընկերներ, որոնք Նիկոլ Փաշինյանին ճանաչում են համատեղ աշխատանքից, դեռ երկու – երկուսուկես տարի առաջ ասում էին, որ եթե նա իր բնավորությունը չփոխի, եթե չվերանա սեփական անսխալականության բարդույթից, չսովորի զսպել իր պոռթկումներն ու հարձակումները՝ իրեն անգամ թեթեւակի քննադատողների կամ իր ասածների վերաբերյալ կասկած հայտնողների վրա, ապա մեր երկիրը, ցավոք, վատ վիճակի մեջ է ընկնելու։
Մարդկանց այս մտահոգությունները անցած երկուսուկես տարում բազմիցս են ապացուցվել։ Իսկ վերջին կաթիլը Տիրան Խաչատրյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից հեռացնելն էր։ Պարզ է, որ պատճառը Տիրան Խաչատրյանի պրոֆեսիոնալիզմի պակասը չէր, այլ վարչապետի՝ «Իսկանդերի» 10 տոկոսով պայթելու մասին, մեղմ ասած՝ անիրազեկ հայտարարությանը Ազգային հերոսի ծիծաղով պատասխանը։
Տիրան Խաչատրյանը, ինչքան հասկանում եմ, պրոֆեսիոնալ զինվորական է, եւ նրան հատուկ չեն քաղաքական գործիչների՝ «Շեֆ, հանճարեղ ասացիր…» տիպի սեթեւեթանքները։ Իսկ Փաշինյանը դրան է սովոր։ Նա, դարձյալ իր հետ աշխատածների վկայությամբ, չի հանդուրժում, երբ որեւէ մեկը կասկածում է իր ասածներին կամ չի համաձայնում իր կարծիքին։
Մեջբերեմ «Իսկանդերի» 10 տոկոսով պայթելու մասին հայտարարության անհեթեթության ընդամենը մեկ գնահատական՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մշակող, ռազմավարական հրթիռների 37-ամյա փորձով ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովի՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցից։
«Ըստ ամենայնի, նա կամ դպրոցում ծույլիկ աշակերտ է եղել, կամ ականջի ծայրով է լսել, որ արտահանման տարբերակի «Իսկանդերի» մարտագլխիկի կարողությունը 10% -ով ցածր է ռուսականից: Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երեւանից: Բայց Փաշինյանը շփոթել է ամեն ինչ: Նա լեզվից ծիծաղելի բան է թռցրել`ասելով, որ հայկական հրթիռային մարտագլխիկը պայթում է ընդամենը 10% -ով: Նման անհեթեթություն գոյություն չունի նույնիսկ հայկական հայտնի անեկդոտներում»:
Էստեղ են ասել՝ Փաշինյանը «լսել է խոր ձոր, բայց չի իմանում, թե որ ձոր»։
Ռուս մասնագետի այս խոսքից հետո, կարծում եմ, անլուրջ է անգամ քննարկել Փաշինյանի մտքի թռիչքը։
Սակայն ինձ հիմա այլ բան է մտահոգում։ Ու մտահոգում է անկեղծորեն. ո՞ւր են Նիկոլի «Ալեքսանդր Մատրոսովները», որ ամեն առիթով նետվում են կրծքով ծածկելու «թշնամական հրակնատները»՝ սրբագրելով իրենց սրտի վարչապետի հերթական «մտքի գոհարը»։ Այդպես էր՝ Շուշիի մասին սկանդալային հայտարարություններից հետո, այդպես է եղել բազմաթիվ այլ առիթներով։ «Դուք ճիշտ չեք հասկացել վարչապետի խոսքերը»,- ասում են մերօրյա սրբագրիչները՝ կարծելով, թե հասարակությունը կարդալ ու հասկանալ չգիտի։
Ու քանի որ դույն սրբագրիչները առայժմ լռում են, ստորեւ կներկայացնեմ, թե ինչ կասեին նրանք, եթե խոսեին (իսկ եթե այսուհանդերձ խոսել են, բայց աչքովս չի ընկել, ապա՝ է՞լ ինչ կասեին)։
Ալեքսանդր Մատրոսով N1 – Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ.
«ԶԼՄ-ներում գոյություն ունեցող տարածված սադրանքները չպիտի համարվեն լրագրություն, եւ մեր սիրելի Նիկոլ Վովաեւիչի ասածներին կասկածողները պետք է պատժվեն օրենքով։ Եվ հենց այդ պատճառով առաջիկայում ես եւ իմ գործընկերներ Արթուր Հովհաննիսյանն ու Սարգիս Խանդանյանը կմշակենք Քրեական օրենսգրքի փոփոխությունների մի նախագիծ, որով պատիժ կսահմանվի սիրելի առաջնորդի խոսքերին հրապարակային կասկած հայտնողների նկատմամբ։ Առաջին անգամ կասկածողը կտուգանվի, մեկ տարվա մեջ նույն արարաքը կրկնելու համար մենք ազատազրկում կնախատեսենք։ Պատասխանատվություն կլինի նույնիսկ այն դեպքում, երբ ԶԼՄ-ները կտարածեն օտար լրատվամիջոցներում մեր սիրելի վարչապետի հայտնած փաստերին եւ մտքերին կասկածող կարծիքները»։
Ալեքսանդր Մատրոսով N2 – Լիլիթ Մակունց, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար.
«Վարչապետի խոսքերին կասկածելու հիմքեր չկան, իսկ այլ պատգամավորների ու քաղաքացիների խոսքերը ես չեմ մեկնաբանում։ Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես «Իսկանդերի» հետ, սիրով պատասխանում եմ՝ «Իսկանդերը» ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի։ Կամ ինչպես ասել է մեր մեծ բանաստեղծ ՉարՈՒՆցը (տեսնո՞ւմ եք ինչ ասոցիացիա է՝ ես ՄակՈՒՆց, նա ՉարՈՒՆց) «Իսկանդերը իմ մեջ է, քո մեջ է նրա մեջ է, դեռ կպայթի «Իսկանդերը» տասը տոկոսով, հարյուր տասը տոկոսով, հազար տասը տոկոսով»։
Ալեքսանդր Մատրոսով N3 – Վահագն Հովակիմյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կարկառուն պատգամավոր, մտքի գիգանտ, հայկական ժողովրդավարության եւ սահմանադրագիտության հայր, «особа, приближенная к императору».
«Ժողովրդի վարչապետի խոսքերը կարող է մեկնաբանել միայն ժողովուրդը, որը, այո, միահամուռ հավանություն է տալիս «Իսկանդերի» ՝ ընդամենը 10 տոկոսով պայթած լինելու մեր սիրելի վարչապետի խոսքերին։ Եթե չեք հավատում, տեսեք «Vstahum enq qez mer srti varchapet…» գրառումները։ Այնպես որ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որեւէ նախապայման, անգամ «Իսկանդերի» ընդամենը 10 տոկոսով պայթած լինելու ֆոնին, չկա եւ չի կարող լինել… Մենք սիրում ենք մեր վարչապետին, որի շնորհիվ փորներս կուշտ է, իսկ տակներս՝ չոր»։
Հ. Գ. – Եթե «ճիշտ» է, թե «Իսկանդերը» «10 տոկոսով է պայթել», ապա շուտով նրա ենթադրյալ թիրախի վայրում պիտի որ տարածվի այսպիսի հայտարարություն. «…իրականացվելու են չպայթած «Իսկանդերի» վնասազերծման աշխատանքներ։ Պայթյունը հզոր է լինելու, խնդրում ենք բնակչությանը՝ թաքնվել նկուղներում…»:
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։