ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։
Հեռախոսազրույցի ընդհանուր բովանդակությունը Կրեմլի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքերում տարբեր ձեւակերպումներով են ներկայացվել, ինչն արդեն համացանցի օգտատերերի ուշադրությանն է արժանացել եւ առիթ տվել քննարկումների։
«Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը: Ռուսաստանի պետության ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,- նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։
Վարչապետի մամուլի ծառայությունը հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ «փոքր-ինչ» այլ ձեւակերպում է արել. «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։
Փաշինյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից ստացվում է, որ ՌԴ նախագահն իր աջակցությունն է հայտնել «օրինական իշխանություններին», մինչդեռ Կրեմլի հաղորդագրության մեջ նման տող չկա։