Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Դոնալդ Թրամփի հրամանագիրը մի շարք կատեգորիաների օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ:
2020 թվականի ապրիլին Թրամփն ստորագրել, այնուհետեւ երկարացրել էր հրամանագիր, որով դժվարացել էր «կորոնավիրուսի համավարակի ժամանակ ԱՄՆ աշխատաշուկայի համար ռիսկային ներգաղթյալների» մուտքը երկիր:
«Դա ԱՄՆ շահերից չի բխում: Հակառակը, վնասում է ԱՄՆ-ին, օրինակ՝ խանգարում ԱՄՆ քաղաքացու ընտանիքի անդամներին եւ օրինական մշտական բնակչի կարգավիճակ ունեցողներին ընտանիքի հետ վերամիավորվելուն»,- հայտարարել է Բայդենը:
Նախագահը նշել է, որ սույն հրամանագիրը խանգարում է նաեւ ԱՄՆ տնտեսության ճյուղերին, որոնք չեն կարողանում ներգրավել աշխարհի տաղանդներին: Եվ վերջապես, Թրամփի պատճառով չեն կարողացել երկիր մուտք գործել ամենամյա վիճակախաղով (գրինքարտով) ԱՄՆ-ում կեցության վկայագիր շահածները: