«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչ Հեռարձակողների եվրոպական միությունը (EBU) հայտարարել է, որ «Եվրատեսիլ 2023» մրցույթը Ուկրաինայի տարածքում անցկացվել չի կարող երկրում ընթացող ռազմական գործողությունների պատճառով:
Կառույցը նշել է, որ բանակցում են Մեծ Բրիտանիայի հետ՝ հաջորդ տարվա «Եվրատեսիլն» այնտեղ անցկացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով։
Ուկրաինան «Եվրատեսիլ 2023» անցկացնելու իրավունք էր ստացել այս տարվա մայիսին՝ Թուրինում անցկացված մրցույթից հետո, որում հաղթող էր ճանաչվել ուկրաինական Kalush Orchestra խումբը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Kalush Orchestra-ն 900 հազար դոլարով վաճառել է իր մրցանակը՝ բյուրեղապակե միկրոֆոնը, ուկրաինական բանակի համար անօդաչու թռչող սարքեր գնելու համար։ Մրցանակն աճուրդի էր հանվել Ֆեյսբուքում։