1993-ի ծանրաձմեռ տարում «Արցախ» պաշտոնաթերթը մի հոդված տպագրեց՝ «Ինչո՞ւ չի գրվում մեր օրերի «Վարդանանքը»»։ Ռազմաճակատի հյուսիսային՝ Մարտակերտի ուղղությամբ ինքնապաշտպանության ուժերը մի քանի գյուղ էին ազատագրել, մոտեցել Սարսանգի ջրամբարին։ Ոգեւորություն կար, եւ հրապարակման հեղինակը դնում էր պատերազմը գեղարվեստականացնելու խնդիր։ Մինչ այդ ձեւակերպվել էր, որ «Արցախն Ավարայր է», մամուլը զոհվածների մասին նյութեր տպագրում էր «Մահ իմացեալ՝ անմահություն» խորագրով։ 1500 տարվա հեռվից Եղիշեի կերպար էր ոգեկոչվում։
Այդ օրերի մի ահավոր պատկեր երեսուն տարի հետս է։ Չլդրանում դիզել-գեներատոր էր աշխատում, ատաղձագործական հաստոց։ Թաց տախտակներից դագաղներ էին մեխում, ծածկում անորոշ գույնի կտորով։ Լքված տան նկուղը դիարան էր։ Սպասում էին` Երեւանից ուղղաթիռ իջնի, զոհվածների մարմինները տեղափոխի։ 94-ի փետրվարն էր։ Թշնամին մեծ կորուստներով թողել էր Քելբաջարը։ Մի ամիս առաջ մեր գյուղը մի օրում յոթ զոհ էր ունեցել։ Հինգի մարմինը գտել, հողին էին հանձնել։ Երկուսի հայրերը սպասում էին, որ մերոնք ազատագրեն Վարնկաթաղը, գտնեն որդիների մասունքները․․․ Գտան ապրիլին։
Ինչո՞ւ եմ հիշում։ Ինչ-որ տեղ աչքիս ընկավ հոգեւորականի խոսք, որ խաղաղության համար հաղթանակ է պետք։ Մի քանի օր առաջ նա Արցախում էր, լուսանկար էր հրապարակել։ Կառավարությունը խոստացել է համաֆինանսավորել Հակոբավանքի վերանորոգումը։ Վանական այդ համալիրը Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի տարածքում է։ Ես Ֆեյսբուքում գրեցի, որ Հակոբավանքը հազար տարի կա, մի տասնամյակ էլ կսպասի, թող Քոլատակի դպրոցական շենքը վերանորոգվի, թարմացվի, գոնե ջեռուցման հարց լուծվի։ Թե չէ ձմռանը գյուղական շատ դպրոցներ դեռ փայտի վառարանի հույսին են։ Եվ եթե վաղը Քոլատակում երեխա չի ծնվելու, Հակոբավանքի վերականգնման իմաստը ո՞րն է, Աստծո տունն ո՞ւմ է ծառայելու։ Զբոսաշրջիկների՞ն։
Եվ ի՞նչ հաղթանակի մասին է խոսում Հակոբավանք ուխտի գնացած հոգեւորականը։ Հաղթանակը 94-ի մայիսյան հրադադարն էր։ Եվ ինչ-որ չեմ հիշում, թե Թալիշն ազատագրելուց հետո որեւէ հոգեւորական Հոռեկավանքին շունչ տալու ցանկություն է ունեցել։ Կամ նույն Հակոբավանքն ինչո՞ւ երեսուն տարի մոռացված էր եւ Դադիվանքի «կորստից» հետո միայն ուխտատեղի դարձավ։ Մի քանի անգամ թեմի առաջնորդին, մշակույթի նախարարությանը խնդրել եմ, որ զբաղվեն մեր գյուղի եկեղեցու վերանորոգման հարցով։ «Միջոցներ չկան»,- հետեւել է պատասխանը։ Իսկ եկեղեցին շուրջ չորս հարյուր տարվա վաղեմության շինություն է, դեռ ոտքի վրա է, բայց մի «գեղեցիկ» օր ներսից կփլվի։
Հակոբավանքը մեկ-մեկուկես տասնամյակ հետո նոր տեսք կունենա, բնությունը գեղատելիլ է, դեմից՝ Կաչաղակաբերդի պատկերը։ Հիանալի հանգստավայր։ Մոտակայքում մեկը «հյուրատուն» կկառուցի, հանգստյան գոտի։ Եվ իհարկե՝ «օբյեկտ»։ Ինչպես վերանորոգումից հետո Գանձասարի վանքը «գոտեւորվեց», եւ ձիու վրա «սելֆին» դարձավ մոմավառության հավասար մի արարողություն։
Խորհրդային շրջանում, երբ դեպի Գանձասար կարգին ճանապարհ իսկ չկար, գյուղացի կանայք ձորն ի վեր բարձրանում, թոռնիկ-թոռնուհու ձեռքը բռնած հասնում, երեք անգամ վանքի շուրջը պտտվում, մատաղի աքլորը մորթում, իրենց ձեռքով կոկած մեղրամոմը վառում, աղոթքի մի քանի բառն ասում, իջնում էին տուն՝ ճանապարհին մի քանի անգամ հետ նայելով։ «Իմ երեսը քո ոտքի տակ, սուրբ Մկրտիչ»,- վանքի հանդեպ երկյուղած ակնածանքն այսպես էին արտահայտում։
Դարերի խորքից եկած այդ նվիրվածությունից մեր ժամանակներում ոչինչ չի մնացել։ Չի լինելու նաեւ Հակոբավանքում, քանի դեռ թեմի առաջնորդ հոգեւորականը երկրի իշխանության հանդեպ Եղիշեի բարդույթն ունի կամ Ներսես Մեծի, որ Վաղարշապատի իր նստավայրից գավազան էր ճոճում Արշակ թագավորի կամ նրա Պապ որդու դեմ, թե դու քանի՞ գլուխ ունես քո ուսերին, որ հրամայում ես կուսանոցները փակել եւ ուզում ես հոռացած կրոնավորներին բանակ վերցնել, սուր դնել ձեռքներին եւ ուղարկել պատերազմի դաշտ։ Հոգեւորականի, եկեղեցու սպասավորի ի՞նչ գործն է՝ քաղաքական հարցեր արծարծի։ Նրա թիկունքին անցյալն է կամ անցյալի գեղարվեստականացրած ընկալումը։ Նա իրեն մեր օրերի Եղիշե է կարծում, Ղեւոնդ երեց, որ Ավարայրի ճակատամարտի մասնակից էր։
Այդ «իրավունքով» նա երկրի ղեկավարին «խելագար» է անվանում եւ բանաձեւում, որ թշնամու հետ խաղաղության բանակցությունների կարելի է եւ պետք է գնալ միայն պատերազմում վճռական հաղթանակից հետո։ Ո՞վ կբերի այդ հաղթանակը, ի՞նչ գնով՝ նրա համար էական չէ։ Բայց մի՞թե նրան չի հուզում, թե ինչ կարող է մեզ արժենալ նոր պատերազմը։ 1600 տարի առաջ Ղեւոնդ երեցն Ավարայրում նահատակվել է որպես հավատի նվիրյալ։ Քառասունչորսօրյա պատերազմի մեր չորս հազար զոհերը Հայրենիք են պաշտպանել, որքան կարողացել են, մի բան էլ ավելի՝ նաեւ չկարողանալով։ Այլապես հայ հոգեւորականը Հակոբավանք ուխտի չէր գնա։ Ոչ էլ Արցախը Հակոբավանքի նորոգման համաֆինանսավորող կառավարություն կունենար։ Ի՞նչ հաղթանակ է տենչում հայ հոգեւորականը։ Ինչո՞ւ է երկրի աշխարհիկ իշխանությանն ընդդիմադիր։
Իսկ ինչո՞ւ երեկ ընդդիմադիր չէր։ Եվ որքանո՞վ է նրա վարքն օրինակելի։ Նա անաձնական կյանքո՞վ է ապրում։ Իհարկե՝ ոչ։ Այս փոքրիկ երկրում ոչինչ գաղտնիք չէ, գաղտնի պահել չես կարող։ 94-ի մայիսյան հրադադարը նաեւ Եկեղեցու նախաձեռնությամբ չպետք է ստորադասվեր Ավարայրին։ Իրական պատերազմը չպետք է տեսնվեր «Վարդանանքի» քաղաքականացված գեղադիտակով, որպեսզի չստանայինք քառասունչորսօրյա աղետ։ Եվ վերագտնումի մի ճանապարհ կա․ հաղթահարել բարդույթները, եթե դրանք անգամ քրոնիկ հիվանդության պես մեզ «հարազատ են»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։