«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի եզրափակումը Գյումրիում համաքաղաքային տոնի վերածվեց: «Գրքաձոն» խորագրով բացօթյա տոնավաճառը ի մի էր բերել հայոց գրով հետաքրքրված տեղացիներին ու զբոսաշրջիկներին:
Հեղինակային գրքեր, հրատարակություններ, գրքարվեստին եւ գեղագրությանն առնչվող հուշանվերներ. «Գալերի 25» պատկերասրահի բակի տաղավարները գրային ու գրքային էին:
Շիրակի մարզի գրողների միությունը «Գրքաձոն»-ին ներկայացել էր վերջին տարիներին տպագրված գործերով: Շիրակցի գրողներն անձամբ էին շփվում ընթերցողի հետ, լսում բոլորի կարծիքները: Բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը «Գրքաձոն»-ը յուրօրինակ հարթակ է համարում, որը մտերմացնում է հեղինակին եւ ընթերցասերին: «Ընթերցողը ցանկություն ունի անձամբ տեսնելու ու ճանաչելու հեղինակին: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդիկ ուզում են ձեռք տալ, շոշափել գիրքը, երկխոսել գրողի հետ»:
«Հայոց տերերը», «Հայոց պատմությունը» եւ «Հայոց տաճարը». նախաքրիստոնեականից մինչեւ մեր օրերի պատմությունը վեր հանող գրքերը հարեւան տաղավարում էին: Քնքուշ Գասպարյանը Երեւանից էր եկել, ներկայացնում էր գրող, պատմաբան, քննադատ Վահե Լոռենցի աշխատությունները: Ասում է՝ գյումրեցիներից շատերը ճանաչում են Լոռենցին, ոմանք էլ նրա գրքերին էին քաջածանոթ:
«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի այս տարվա փակման ակորդը տվեց նկարիչ, գրաֆիկ Տարոն Սահարյանը: «Հայ գրի էվոլյուցիան միջնադարում» խորագրով դասախոսության ընթացքում արվեստագետն անդրադարձավ պատմամշակութային գործընթացների եւ գրի ձեւափոխության, տառատեսակների ձեւավորման ուղիղ կապին:
Նախագիծը չավարտած՝ կազմակերպիչները հաջորդի նախապատրաստություններն են դիտարկում: 2023 թվականի «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» միջոցառումների շարքի հյուրերի ու մասնակիցների նախնական ցանկն արդեն հայտնի է:
«Չինական կալիգրաֆիայի ինտերպրետացիաներ» աշխատանքների հեղինակ, գերմանացի արվեստագետ Հայնց Ֆերբերտը սկսել է իր ոճով ձեւավորել հայկական այբուբենը: Խոստացել է՝ հաջորդ տարի ցուցադրությունը կանի Գյումրիում: Ֆերբերտը մենակ չի գալու. գերմանացի մեկ այլ արվեստագետ Էկկե Բոշկեն նույնպես հայկական այբուբենով է տարվել: Կավից եւ հայկական գրից արվեստի գործեր է ստանում, որոնք նույնպես կցուցադրվեն «Գալերի 25»-ում:
Նախագծի հեղինակ Ալեքսան Տեր-Մինասյանն ասում է՝ գրի ու գրքի արվեստը պետք է արդիականացնել, ներկայացնել հանրամատչելի տարբերակով: «Մեր ինքնության կարեւոր տարրերից մեկն այբուբենն է: Մեր գիրքը, տառն արժեն, որ ներկայացնենք ողջ աշխարհին: Բացի այդ՝ մենք էլ պետք է խորությամբ ուսումնասիրենք ու ճանաչենք դրանք: Մինչեւ չճանաչենք, չենք գնահատի»:
«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագիծն իրականացվում է Für Armenien հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։