Ալեքսանդրն ինժեներ է: Աշխատանքային գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից, կրտսեր աշխատակցից աճել մինչեւ արդյունաբերական ինժեների, տարաբնույթ ծրագրերի ղեկավարի: Սրա շնորհիվ ինժեներական միտքն աշխատում է՝ մանրակրկիտ դիտարկելով որեւէ լուծման կամ արտադրության ամբողջական ցիկլը:
«Դեռ 2021 թվականից ցանկանում էի հայրենիքում արտադրություն սկսել, իսկ հեծանիվ դեռ մանկուց էի երազում պատրաստել։ Հասկացա, որ պետք է սկսել։ Հետո ուսումնասիրեցինք շուկան, հասկացանք, որ կարիքը կա, հնարավորությունները կան, կարելի է արտադրությունը սկսել առանց մեծ ներդրումների: Որոշեցինք հեծանիվ արտադրել»,- ասում է Ալեքսանդր Խաչատուրովը:
Հեծանիվը համարվում է այն երկրի արտադրանքը, որտեղ արտադրվում է կմախքը:
Դրա արտադրման համար բոլոր մասնագետներն ունեին, գծագիրն ու դիզայնը կարող էին անել, հաշվարկները՝ նույնպես, ուստի սկսեցին ինտենսիվորեն աշխատել գաղափարի վրա:
Հատկապես որ Քովիդ-19 համավարակի ժամանակ սպառվել էր հեծանիվների համաշխարհային պաշարը, անգամ Հայաստանում էր ճգնաժամ առաջացել:
Այս ընթացքում տեղեկացան ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի մասին, որը հայտարարություն էր տարածել ստարտափներին աջակցելու մասին: Այն Եվրոպական միության աջակցությամբ ստեղծված ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք է, որը նորարարական մոտեցումների ու փորձառու մենթորների ու փորձագետների միջոցով Հայաստանում խթանում է ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն ու տնտեսության մրցունակության աճը, նպաստում սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրմանը։
«Իրենք մեզ առաջին հերթին տվեցին գիտելիք՝ բիզնեսի մեջ մտնելու: Թիմ ունեն, որն աջակցում է ցանկացած հարցում՝ մարքետինգի, ֆինանսների, շուկայական հարաբերությունների, բիզնես պլանի մշակման: Դառնում ես թիմի մաս, ցանցային համագործակցությունն է լավ աշխատում: Երբ քո ստարտափին աջակցում են, դա եւս ոգեւորում է»,- պարզաբանում է Ալեքսանդրը:
Կմախքն ամբողջությամբ արտադրվում է Հայաստանում, պահեստամասերի մի մասը ներկրում են, բայց մտադիր են հետագայում նաեւ դրանց արտադրությունը մեկնարկել:
Պահեստամասերն այժմ ձեռք են բերում աշխարհում հայտնի հեծանիվների պահեստամասեր արտադրող լավագույն, համաշխարհային լիդեր հանդիսացող ընկերություններից: Չինական արտադրության պահեստամասերի համեմատ դրանք ավելի թանկ են, բայց իրենց համար կարեւորը որակն է:
Հայկական հեծանիվները նախատեսված են կնոջ եւ տղամարդու համար, որոնք էլ իրենց հերթին տարբեր տեսակների են՝ ըստ քաշի, հասակի ու այլ պարամետրերի: Յուրաքանչյուր մոդել շուտով կունենա նաեւ էլեկտրական տարբերակը:
Հեծանիվների բոլոր տարբերակներն արդեն պատրաստ են: Գները սկսվում են 350 հազար դրամից: Թիմն իրականացնում է նախավաճառք, ուստի յուրաքանչյուր ոք կարող է նաեւ նախավաճառքին մասնակցելով ներդրում ունենալ հայկական հեծանիվների արտադրության ընդլայնման գործին:
«Ես էլ կողքից խանգարում եմ»,- կատակելով ասում է Ասյան՝ Ալեքսանդրի կինը: Իրականում Ասյան բիզնես խորհրդատու է եւ փորձում է ամեն ինչով աջակցել ամուսնուն: Մշակում է տեխնիկական առաջադրանքները: Բրենդի առաջխաղացման, տեսանելիության բարձրացման միջոցառումների, տեսանյութերի գաղափարներ է մտածում, քննարկում թիմի հետ:
«Այնքան դժվար է իրականում, որովհետեւ մարդկանց մի մասը ոգեւորված է, բայց մարդկանց մի խումբ էլ կա, որ թերահավատորեն է վերաբերվում: Օրինակ՝ կասկածի տակ են դնում որակը: Ուստի մեր առաջ կարեւոր խնդիր ենք դրել ստեղծել ոչ թե ուղղակի հայկական արտադրություն, այլեւ որակյալ հայկական արտադրություն, որը կլինի մրցակցային: Այն գնային սահմանում, որում մենք ենք պատրաստվում աշխատելու, մարդիկ առաջին հերթին համեմատելու են: Ուստի կարեւոր է, որ համեմատելիս տեսնեն, որ որակապես չի զիջում, իսկ իդեալական տարբերակում՝ ասեն, որ ավելի բարձր է որակը»,- ասում է Ասյան:
Հեծանիվները փորձարկվել են՝ ներգրավելով ինչպես փորձառու հեծանվորդների, այնպես էլ սիրողական մակարդակով հեծանիվ վարողների:
Հեծանիվի անվանումն էլ հայկական են ընտրել՝ հայոց լեռների արքա բեզոարյան այծի անունից:
«Ճիշտ է, սկզբնական մոդելները քաղաքային են, բայց հետագայում մտադիր ենք լեռնային հեծանիվներ արտադրել: Բացի այդ՝ Երեւանը, մյուս բնակավայրերն այնպիսի լանդշաֆտ ունեն, որ անհրաժեշտ է մի տեղից մյուսը տեղափոխվելիս բարձունքներ հաղթահարել»,- պարզաբանում է Ասյան:
Բեզուն ընդգրկվել է ԻՐԻՍ ինկուբատորի ստացած ստարտափների մի քանի հարյուր հայտերից հաղթող երեք տասնյակի մեջ: Արդյունքում, քոուչինգից բացի, ԻՐԻՍ-ից մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար են ստացել, մի մասը՝ դրամաշնորհի, մնացածը՝ փոխառու միջոցի տեսքով, ցածր տոկոսադրույքով: Ներդրել են նաեւ իրենց ու իրենց ընկերների բոլոր խնայողություններն ու ջանքերը:
Նորաստեղծ բիզնեսին երեխայի պես են վերաբերվում, ուստի չեն խնայում ոչինչ: Հավատում են, որ Հայաստանում նման բիզնեսում հաջողել հնարավոր է: Մնում է, որ Երեւանում ու մյուս բնակավայրերում հեծանվային տրանսպորտի ենթակառուցվածքներ ստեղծվեն, բայց սա այլ պատմություն է:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։