Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում արգելափակված հացահատիկի խնդիրն ի վերջո կլուծվի ՄԱԿ-ի օգնությամբ եւ երկար չի տեւի:
«Մենք առաջընթաց ունենք, առաջ ենք շարժվում: Հուսով ենք՝ ոչ ոք չի կարողանա դիմակայել միջազգային հանրության ճնշմանը: Հուսով եմ, կասեի՝ նույնիսկ վստահ եմ, որ ՄԱԿ-ում ի վերջո արագ համաձայնություն ձեռք կբերեն»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը Ուկրաինայից եւ Ռուսաստանից համաշխարհային շուկաներ սննդամթերքի արտահանման փաթեթային համաձայնագիր է մշակում:
Միեւնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերյուրանք է որակել պնդումը, ըստ որի՝ Ռուսաստանը ուկրաինական հացահատիկը սեւծովյան նավահանգիստներից բաց չի թողնում: