Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզմունք է հայտնել, որ այս շաբաթ ռուսական բանակի հարձակումներն ու հրետանա-հրթիռային հարվածներն ակտիվանալու են։ Նա շեշտել է, որ դա պետք է օրինակ ծառայի ոչ միայն Ուկրաինայի, այլեւ եվրոպական մյուս պետությունների համար: Պատճառն, ըստ Ուկրաինայի նախագահի, Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ Բրյուսելում ծավալվող գործընթացներն են՝ մեկնարկող պատմական շաբաթը։
«Դրա ընթացքում կլսենք ԵՄ պատասխանը Ուկրաինայի անդամակցության հայտին։ Մենք արդեն իսկ ունենք Եվրահանձնաժողովի գրեթե դրական որոշումը։ Շաբաթավերջին ակնկալվում է նաեւ ԵՄ խորհրդի որոշումը»,- հայտարարել է Զելենսկին։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովից առաջ գերմանական ARD հեռուստաալիքի եթերում համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան Միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ կստանա: Ըստ ֆոն դեր Լայենի՝ Ուկրաինան վիթխարի հաջողությունների է հասել վերջին ութ տարիներին՝ միաժամանակ արձանագրելով, որ ԵՄ-ում էլ ավելի շատ բարենորոգումներ են ցանկանում տեսնել: Նա հավելել է, որ հենց հայտատու երկրից է կախված՝ հաջո՞ղ կլինի արդյոք Միություն ընդունվելը, եւ որքա՞ն շուտ այն տեղի կունենա:
Ուկրաինայի նախագահի հայտարարություններին զուգահեռ ռազմական գործողությունները Դոնբասում շարունակվում են։ Ռուսական հարձակման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Սեւերոդոնեցկ քաղաքը։
Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը նշել է, որ կիրակի երեկոյան եւ անցած գիշեր ռուսական ուժերը նոր հաջողություններ են արձանագրել՝ գրավելով Սեւերոդոնեցկից հյուսիս գտնվող Մետյոլկինո բնակավայրը։
Ըստ Գայդայի՝ ուկրաինական ստորաբաժանումներն այժմ վերահսկում են միայն Սեւերոդոնեցկի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկության՝ «Ազոտ» գործարանի տարածքը, որը ռուսական բանակն անդադար ռմբակոծությունների է ենթարկում։