Թուրքական «Anadolu» գործակալության վերլուծաբան Քյուրշաթ Քորքմազն անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ համագործակցության հեռանկարներին:
Ըստ վերլուծաբանի՝ Քաշմիրի խնդիրը եւ Աֆղանստանում անկայունությունը շատ առումներով ազդում են Պակիստանի վրա, քանի որ Պակիստանը տարիներ շարունակ սահմանային խնդիրներ ունի Հնդկաստանի հետ: Քորքմազը հիշեցրել է, որ ղարաբաղյան խնդրի պատճառով Ադրբեջանը խնդիրներ ունի իր հարեւան Հայաստանի՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը «հայկական օկուպացիայից ազատագրել է իր տարածքի մի մասը»։
Վերլուծաբանը նշում է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում բարդություններ ունի Ռուսաստանի հետ՝ վերջինիս երկդիմի քաղաքականության եւ Հայաստանին ցուցաբերած աջակցության պատճառով: Բացի դրանից, Իրանում ադրբեջանցի թուրքերի առկայությունը բացասաբար է ազդում Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունների վրա։
Ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիային միայնա՞կ են թողել
Քորքմազն ընդգծում է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանն ընդհանուր անվտանգության քաղաքականության մշակման գործում բավականին մեծ հնարավորություններ ունեն: «Անվտանգության եռակողմ պայմանագրի հիման վրա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի համախմբումը կարեւոր զարգացում կլինի տարածաշրջանային եւ գլոբալ հավասարակշռության տեսանկյունից»,-գրում է վերլուծաբանը:
Քյուրշաթ Քորքմազը համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային դաշնակիցները վերջին շրջանում ահաբեկչության դեմ պայքարում միայնակ են թողել: «Ավելին, ՆԱՏՕ դաշնակից երկրները մեծ մասամբ Թուրքիայի դեմ դիրքորոշում են ընդունել: Հետեւաբար, Թուրքիան ռազմական բախումներին ու բանակն աղետներին դիմակայելու համար ստիպված է անվտանգության նոր ցանց ստեղծել»,-նշել է հեղինակը:
Ընդհանուր սահման չունենալը բնավ թերություն չէ
Թուրք վերլուծաբանի համոզմամբ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Պակիստանի ընդհանուր աշխարհագրական սահման չունենալը անվտանգության հնարավոր պայմանագրի հաստատման համար ամենեւին էլ թերություն չէ։ Այն փաստը, որ Պակիստանի բանակը պաշտպանական եւ ռազմական հզորությամբ 10-րդն է աշխարհի ուժեղագույն բանակների շարքում, իսկ Թուրքիայինը՝ 11-րդը, մեծացնում է անվտանգության պայմանագրի տարածաշրջանային եւ գլոբալ ազդեցությունը:
Զսպման առումով կարեւոր բնութագրերից մեկն էլ թուրք վերլուծաբանը համարում է այն, որ Պակիստանը միջուկային զենք ունեցող աշխարհի 9 երկրներից մեկն է։
Թուրքական պետական լրատվական գործակալության միջոցով տարածվող այս թեզերի հեղինակը պնդում է, որ պետությունների ռազմական կարողությունները ներուժ ունեն զսպող գործոն ստեղծելու եւ նվազեցնելու սպառնալիքի մակարդակը։ Ամփոփելով՝ նա եզրակացրել է, որ անվտանգության նման պայմանագրի կնքումը զգալի նպաստ կունենա համաշխարհային անվտանգության ապահովման գործում։