Մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով Պետական եկամուտների կոմիտեն իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականության օբյեկտները: Օրենսդրությամբ սահմանված կարգով իրավատերը պետք է դիմում ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման եւ ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:
ՊԵԿ-ի ներդրած մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողական գործիքակազմի շարունակական կատարելագործմամբ տարեցտարի բարձրանում է կեղծ ապրանքների նկատմամբ մաքսային մարմինների հսկողության արդյունավետությունը:
Նոր մոտեցումը վերաբերում է իրավատերերի եւ մտավոր սեփականության օբյեկտի ներմուծման եւ արտահանման իրավունք ունեցող անձանց ավելի թիրախային տարանջատմանը եւ նրանց կողմից իրականացվող գործարքների դեպքում խնդիրների բացառմանը։
Արդյունավետությունն աճել է մոտ 70%-ով
Ըստ ՊԵԿ-ի՝ գործիքակազմի արդյունավետ կիրառման շնորհիվ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետությունն աճել է մոտ 70%-ով։ եթե 2018-ին մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության հիմքով թիրախավորվել է ապրանքային 565 հայտարարագիր, եւ մաքսային մարմինները 149 դեպքով որոշում են ընդունել կասեցնել ապրանքների բացթողումը, ապա 2021-ին թիրախավորվել է 4471 հայտարարագիր, եւ 485 դեպքով ապրանքների բացթողումը կասեցնելու որոշում է ընդունվել։ Իսկ արդեն 2022-ի 1-ին եռամսյակում թիրախավորված 954 հայտարարագրից 159 դեպքով ընդունվել է ապրանքների բացթողումը կասեցնելու որոշում։