Իտալիայի սպառողների ազգային միությունը (Unc) հրապարակել է այն 20 սննդամթերքների ցանկը, որոնց գինն առավելագույն չափով աճել է ընթացիկ տարվա մայիսին:
Ցանկի առաջին հորիզոնականում են բոլոր բուսական յուղերը՝ բացառությամբ ձիթայուղի, որոնք տարեկան հաշվարկով թանկացել են միանգամից ավելի քան 70%-ով: Փորձագետներն այդ ռեկորդային արդյունքը միանշանակ կապում են բուսայուղի ու նախեւառաջ Ուկրաինայից արեւածաղկի ձեթի ներմուծման դադարեցման հետ:
Վարկանիշի երկրորդ տեղում կարագն է, որի գինը 2021-ի մայիսի համեմատ աճել է 23,3%-ով, երրորդ տեղում 22,9%-ով թանկացած տանձն է: Ավելի քան մեկ հինգերորդով թանկացած սննդամթերքների խմբի մեջ մտնում են այնպիսի կարեւոր ապրանքներ, ինչպիսիք են լոլիկը (20,6%) եւ մակարոնեղենը (20,5%):
Եվս ավելի քան մեկ տասնյակ պարենամթերք թանկացել է ավելի քան 10%-ով: Դրանց թվում են ալյուրը (18,7%), ընտանի թռչունը (13,8%), մարգարինը (12,8%) եւ ձուն (12,3%): Անցած տարվա ընթացքում Ապենիններում 11%-ով աճել է պաղպաղակի գինը, բրինձը եւ հացը թանկացել են գրեթե 10%-ով, նարինջը՝ 9%-ով:
Unc-ի մասնագետներն իրենց վարկանիշը համադրել են Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) վերջին տվյալների հետ, որոնք վկայում են, որ պարենային ապրանքների թանկացումն Իտալիայում շարունակվում է Ուկրաինայի հակամարտության եւ էներգակիրների գների կտրուկ բարձրացման պայմաններում: Ընդհանուր առմամբ, պաշտոնական վիճակագրության համաձայն, գնաճի մակարդակը մայիսին տարեկան հաշվարկով աճել է 6,8%-ով: Նման մեծ աճ երկրում չի գրանցվել 1990-ի վերջից: