Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե «արցախյան հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում»։
Այնուհետեւ քաղաքական գործիչն ասում է մի բացառիկ միտք․ «Բոլոր հնարավորությունները կան. եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, որ Արցախը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինելու հաջորդիվ»։
Մինչեւ տեսնենք՝ ինչ է լինելու հաջորդիվ։
Մարդը մի ձեւակերպմամբ վերամեկնարկում է այն բախտախնդրությունը, որը թվում է, թե ավարտվել էր 44-օրյա պատերազմով։ Չէ՞ որ պատերազմն արդյունք էր Հայաստանի վերջին երեք իշխանությունների այն մտայնության, թե ապրենք, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինելու հաջորդիվ։
Ո՞րն է Բաբայանի հենման կետը։ Այսինքն՝ ինչի՞ց կառչելով նա հույս ունի, որ Արցախը կպահպանի իր կարգավիճակը։
Մենք չենք ուզում բայղուշություն անել, թե Արցախը տարբերակ չունի պահպանելու իր կարգավիճակը։ Ուզում ենք հասկանալ՝ ինչպե՞ս։ 1994-ին, երբ հաղթանակած էինք, 2008-ին, երբ դեռ հաղթանակած էինք, 2018-ի սեպտեմբերի 26-ին, երբ, ցավոք, անվերադարձ հաղթանակած էինք, պարզվեց՝ տարբերակ չկա։ Հիմա որպեսզի տարբերակներ ուրվագծվեն, պարտությո՞ւն էր պետք։ Ու պարտությո՞ւնն է պարոն Բաբայանին «ոգեշնչել» շարունակել նույն ոգով, «մինչեւ տեսնենք՝ ինչ է լինելու հաջորդիվ»։
Բայց ավելի տարօրինակ մի բան է ասում ԼՂ արտգործնախարարը։ Նա ասում է՝ եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում։ Այսինքն՝ կարելի է դարերով ապրե՞լ առանց համապարփակ կարգավորման։
Պարոն Բաբայանը հենման կետ չունի, ասում է՝ միջազգային կառույցներն էլ են ընդունում, որ գոյություն ունի Արցախի հարց։ Շատ ճիշտ է, միջազգային կառույցներն ընդունում են։ Իսկ պարտությունից առաջ չէի՞ն ընդունում։ Ինչո՞ւ են ձեր հույսերն ավելի աշխուժացել, երբ իրավիճակն ավելի է վատացել։ Այդ հույսերում որտե՞ղ է քաղաքական հաշվարկը, ողջամտությունը։ Միջազգային կառույցները Ադրբեջանի հետ պարզ «բազար» են անում։ Եվ այդ «բազարում» Արցախի գինն էժանացնում է այն հանգամանքը, որ այնտեղ ռուսներ են նստած։
ԼՂ արտգործնախարար Դավիթ Բաբայանը չի կարող խոսել Արցախը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին, միջազգային հանրությունը դա չի հասկանա։ Նա չի կարող խոսել Արցախը Հայաստանին միացնելու մասին, միջազգային հանրությունը դա էլ չի հասկանա։ Նա կարող է խոսել միայն Արցախի անկախության մասին, միջազգային հանրությունը դա կհասկանա, բայց, միեւնույնն է, Ադրբեջանի հետ է խոսելու, թե ինչ գնով կարող է կանխել այդ անկախությունը, կամ որ դեպքում է դա հնարավոր։
Եվ կա ամենաանցանկալի տարբերակը՝ Արցախը Ադրբեջանի կազմում։ Այստեղ միջազգային հանրությունը խոսելու թեմա չունի։ Բայց այդ դեպքում հասկանալի չէ՝ 30 տարի ինչով էին զբաղված Արցախի պետական ապարատն ու հանրությունը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: