Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց շարունակվում է «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժման նախաձեռնած «Տուն՝ դեպի Եվրոպա» բազմամարդ հանրահավաքը:
Տասնյակ հազարավոր մարդիկ երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց էին հավաքվել Վրաստանի եւ Եվրամիության դրոշներով։ Շատերը պաստառներ էին պահել, որոնց վրա անգլերեն գրված էր՝ «Մենք Եվրոպա ենք»: Netgazeti պարբերականի գնահատակններով բողոքի հանրահավաքին մասնակցել է միջինը 140 հազար ցուցարար:
Ակցիային, որը կազմակերպել էին «Ամոթ» քաղաքացիական շարժումը եւ մի շարք այլ քաղաքացիական կազմակերպություններ, միացել էին ընդդիմության մեծ մասը, ուսանողներ, իրավապաշտպաններ։
Վրաստանը, ինչպես եւ Մոլդովան, Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել մարտի 3-ին: Մինչ այդ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո, Կիեւն էր դիմել ԵՄ-ին։
Վրաստանը կես տարում կկատարի՞ ԵՄ անդամության թեկնածուին տրված հրահանգները
Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է երեք երկրների դիմումների վերաբերյալ իր եզրակացությունները՝ խորհուրդ տալով Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին՝ մի շարք պայմանների կատարումից հետո միայն։
Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ Գիորգի Քադագիձեն հանրահավաքում իր ելույթում ասել է, որ կառավարությունը պետք է փոխվի։ Ըստ նրա՝ առաջիկա վեց ամիսները, այն ժամանակահատվածն է, երբ Վրաստանը պետք է կատարի ԵՄ անդամության թեկնածուին տրված հրահանգները:
Սպասվում է, որ Եվրամիության առաջնորդները թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն հունիսի 23-24-ը Բրյուսելում անցկացվելիք գագաթնաժողովում։
Եվրամիության նախագահ Շառլ Միշելը նախօրեին իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ապագան Եվրամիությունում է։