The Los Angeles Times պարբերականի վերլուծաբան Դոյլ Մակմանուսը գրել է, որ օրերս Կիեւ այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարվել են անհապաղ զենքի նոր խմբաքանակ փոխանցելու վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու պահանջը բավարարելուց։
Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ Արեւմտյան երկրները Կիեւին ինքնաթիռներ եւ գրոհային տանկեր չեն տրամադրի:
Հեղինակի կարծիքով Եվրոպայի կառավարություններում հոգնել են Ուկրաինայից այն պատճառով, որ պատժամիջոցային ճնշումը, որը նրանք հարկադրված էին գործադրելու Ռուսաստանի վրա, հարվածում է նախ հենց իրենց:
Հեղինակը նաեւ թերահավատորեն է արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության վերաբերյալ՝ նշելով, որ մոտալուտ անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է։ Ինչ վերաբերում է Մակրոնին, Շոլցին եւ Դրագիին, նրանց աջակցությունն այդ հարցում համարել է «զուտ խորհրդանշական»:
Ավելի վաղ գերմանական Die Welt պարբերականը ենթադրել էր, որ եվրոպացի ղեկավարները կարողացել են Զելենսկիին համոզել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջ։