Հունիսի 21-ին կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նոր` 2022-2023 թվականների խաղարկությունը:
Առաջինը պայքարի մեջ կմտնեն նախնական փուլում ընդգրկված թիմերը՝ Էստոնիայի «Լեւադիան», Սան Մարինոյի «Լա Ֆիորիտան», Անդորայի «Ինտեր Էսկալդեսը» եւ Իսլանդիայի «Վիկինգուրը»:
Վիճակահանությամբ որոշվել են կիսաեզրափակիչ զույգերը: Դրանց հաղթողները կմտնեն եզրափակիչ, որտեղ կվիճարկեն որակավորման 1-ին փուլի միակ ուղեգիրը: Պարտություն կրած երեք թիմերը ելույթները կշարունակեն Կոնֆերենցիաների լիգայի չեմպիոնական խմբում:
Նախնական փուլի բոլոր խաղերը կանցկացվեն Իսլանդիայում: Հունիսի 21-ին առաջինը կմրցեն էստոնական «Լեւադիան» ու իսլանդական «Վիկինգուրը»: Երեկոյան կհանդիպեն Սան Մարինոյի «Լա Ֆիորիտան» եւ Անդորայի «Ինտեր Էսկալդեսը»: Եզրափակիչ խաղը կանցկացվի հունիսի 24-ին:
Այս փուլի արդյունքները հետաքրքիր են այն առումով, որ եզրափակիչում պարտություն կրած թիմը կարող է դառնալ Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» մրցակից, եթե, իհարկե, մեր թիմը չկարողանա հաղթահարել ռումինական «Կլուժի» արգելքը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում:
«Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղը կանցկացնի հուլիսի 5-ին սեփական դաշտում: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին Կլուժ Նապոկա քաղաքում: