«Մի հատ շան համար ինչ աղմուկ են բարձրացրել, բա որ մարդ մեռներ, սե՞նց կանեին»,- բողոքում են հարեւանները Երվանդ Քոչարի 27 հասցեում տիրող խառնաշփոթից:Օրեր առաջ այստեղ դաժանորեն սպանել են բակի սիրելի շներից մեկին:
«Մեր բակի շունը իբրեւ թե գզել է մի տղամարդու չիհուահուա ցեղատեսակի շանը, ինչի հետեւանքով էլ տերը եկել ու կրակելով վրեժ է լուծել շնից: Հնարավոր է, որ սպանի նաեւ բակի մյուս շներին»,- պատմում է բնակիչներից մեկը՝ խնդրելով անանուն մնալ։ Նա գիտի՝ ով է կանգնած հանցագործության հետեւում: Ենթադրյալ մեղավորը հարակից հյուրանոցի տնօրենն է, որը թաղային հեղինակություն է ու կարող է խնդիրներ ստեղծել իր անունը շոշափող հարեւանների համար:
Ոստիկանություն դիմել է մեկ այլ բնակիչ՝ Արեւը, ով խնամում էր սպանված շանը. «Գիշերը գիրք էի կարդում, երբ լսեցի կրակոց: Առավոտյան իմացա՝ ինչ է պատահել: Շանը խաբել են մսով, կրակել են, ապա բակի մեկ այլ բնակիչ շան մարմինը գցել է աղբամանը, որ երեխաները չտեսնեն ու չվախենան»:
Շան հերձումը ցույց է տվել, որ կենդանին սատկել է հրազենային վնասվածքից: Բնակիչներին ամենից շատ վախեցնում է այն փաստը, որ իրենց թաղամասում ինչ-որ մարդիկ հանգիստ քայլում են զենքով ու կրակում են:
Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ հաղորդում են ստացել շներին վնասելու մասին, սակայն այժմ նյութեր են նախապատրաստում, ու մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
«Արեւը բոլորինն է» ՀԿ-ի հետ համագործակցող իրավաբան Հասմիկ Պետրոսյանը մտահոգություն է հայտնում, որ իրավապահ մարմինները նման գործերն արդյունավետ քննելու կամք չեն դրսեւորում. «Կարծում եմ, ձեւական հիմնավորումներով կշարունակվի անպատժելիության պրակտիկան: Այս դեպքում մենք բախվում ենք այնպիսի իրավիճակի, երբ գործի քննությունն իրականացնող մարմինը բավարար կարեւորություն չի տալիս նման հարցերին: Դեռ չեն իրականացրել անգամ դեպքի վայրի տեսագրությունների առգրավում ու զննություն»:
Զենքի կիրառման վերաբերյալ եւս իրավապահները պետք է միջոցներ ձեռնարկեն, պարզեն դրա պահման օրինականությունը։ Անգամ եթե այն օրինական է, չի նշանակում, որ պետք է կիրառվի իրենց «անհանգստություն պատճառող» կենդանիների նկատմամբ, այն էլ բնակելի շենքերի բակում, որտեղ երեխաներ են խաղում։ Ըստ իրավաբանի՝ սա ոչ միայն քրեորեն պատժելի արարք է, այլեւ արատավոր պրակտիկա:
Հետաքննություն իրականացնող մարմինը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ուղարկելուց, եւ կենդանու խնամատարին առաջարկվել է իրականացնել դա սեփական միջոցներով: Խնամատարը բժշկից եզրակացությունն արդեն ստացել է ու ներկայացրել ոստիկանոթյուն, այն կցվել է գործին:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից» (ԹԿՎԿ ՀՈԱԿ) հայտնեցին, որ տեղեկացված են ու բնակիչների խնդրանքով կհեռացնեն տարածքից մյուս երկու շներին, որպեսզի վերջիններս ապահովության մեջ լինեն: Շները կմնան կացարանում խնամակալներ գտնեն:
Բայց ասացին, որ թափառող շների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքում կենտրոնը պարտավոր չէ դիմել ոստիկանություն: ՀՈԱԿ-ն առաջնորդվում է իր կանոնադրությամբ եւ լիազորություն չունի պատժելու։
Օրինակ՝ հիմա կարեւոր խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ իրենց տնային կենդանիներին տնից դուրս են անում, սակայն անգամ այս դեպքում ՀՈԱԿ-ը լիազորություն չունի նրանց պատժելու՝ տուգանելու: Դա օրենքով պետք է կանոնակարգվի: Կենտրոնի գործն է բռնել կենդանուն տեղափոխել կլինիկա, ստերջացնել, պատվաստել եւ բաց թողնել: ՀՈԱԿ-ը պարբերաբար հանդիպումներ է ունենում կամավորների հետ եւ նպատակ ունի տարիների ընթացքում ընտանիքներ գտնելու թափառող բոլոր կենդանիների համար:
Եթե Երեւանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քիչ թե շատ ուշադրության տակ է, ապա մարզերում լինում են սարսափելի եւ անհավատալի դեպքեր: Կազմակերպությունը սկսել է աշխատել նաեւ մարզերում:
«Արեւը բոլորինն է» ՀԿ-ի նախագահ Լալա Պողոսյանը, լսելով ՀՈԱԿ-ի հիմնավորումները, նկատեց՝ միգուցե կարիք է առաջացել փոխել կանոնադրությո՞ւնը. «Իհարկե, ՀՈԱԿ-ը չի կարող եւ չպետք է պատժելով զբաղվի: Նրա՛նք պետք է դիմեն համապատասխան մարմիններին, ոչ թե քաղաքացին: Այդ պատասխանատվությունը համայնքի վրա է: Տնային կենդանու (տեր ունեցող կենդանու) համար պատասխանատվություն կրում է տերը, իսկ թափառող կենդանու համար ո՞վ պետք է պատասխանատվություն կրի»: ՀԿ նախագահն առաջարկում է թափառող շներին հանձնել բակերի առանձին բնակիչների (ովքեր կցանկանան) խնամակալությանն, ինչը կօգնի կանխարգելելու նման դաժան դեպքերը:
Նույն բակում, որտեղ սպանել են շանը, «Արեւը բոլորինն է» ՀԿ-ի թիմը բաժանում է թռուցիկներ, որպեսզի մարդիկ իմանան ինչ քայլեր ձեռնարկել նման դեպքերում: Կազմակերպությունը նպատակ ունի նպաստելու օրենսդրական դաշտի կարգավորմանը, ինչի համար իրավաբանների հետ վերլուծություններ են անում եւ առաջարկություններ մշակում ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ համայնքների ավագանիների քննարկմանը ներկայացնելու համար:
«Յուրաքանչյուր պետական մարմին կամ ատյան, ամեն քաղաքացի պետք է հստակ գիտակցի պատասխանատվության իր բաժինը»,- ասում է Լալան։ Բայց դեռ վաղ է դրա մասին խոսելն, այս օրերին, մինչ մենք պատրաստում էինք հոդվածը, նույն տարածքում արձանագրվել է դաժան վերաբերմունքի եւս մեկ դեպք, այս անգամ կատվի նկատմամբ: