ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտությանն առնչվող իրադրության պայմաններում Ջո Բայդենի վարչակազմի գործողություններն ի վերջո հանգեցնելու են Երրորդ աշխարհամարտի: Թրամփը Բայդենի վարչակազմի քայլերը «խելահեղություն» է որակել։
Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Բայդենը համապատասխանում է ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնին, Թրամփը իրադրությունը երկրում «անհաջող» է բնորոշել։ Ի թիվս այլ քայլերի Թրամփը հիշեցրել է Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերմանն առնչվող իրադրությունը եւ երկրում ահագնացող գնաճը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե իր քաղաքական ընդդիմախոսի՝ Ջո Բայդենի «թուլությունն ու անձեռնհասությունն» են հնարավոր դարձրել ՌԴ ներխուժումն Ուկրաինա։ Նա ընդգծել է, որ իր վարչակազմի օրոք նման բան հաստատ տեղի չէր ունենա։