Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է հարցին, թե ինչու դոլարի փոխարժեքի էժանացմանը համընթաց Հայաստան ներկրվող վառելիքի գինը ոչ միայն չի նվազում, այլեւ բարձրանում է։
Մասնավորապես, 2022-ի մարտին դիզելային վառելիքի 1 լիտրը Հայաստանում վաճառվում էր 563 դրամով, ապրիլին` 612-ով, մայիսին` 662-ով, իսկ հունիսին` արդեն 670 դրամով։
Հանձնաժողովը պարզել է, որ 2022-ի հունվարից մայիսի ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի`Հայաստան ներկրելու արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով, դոլարի փոխարժեքը նույն ժամանակահատվածում նվազել է 4-6 տոկոսով։ Այս համատեքստում դիզվառելիքի մանրածախ գինը բարձրացել է 32.4 տոկոսով` հասնելով 1 լիտրի դիմաց 662 դրամի։
Հանձնաժողովը դիտարկել է նաեւ 2021-ի հունիսից 2022-ի մայիսի դինամիկան ու պարզել, որ դիզվառելիքի ներկրման արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով, դոլարի փոխարժեքը` իջել 6-8 տոկոսով, ինչի պատճառով դիզվառելիքի իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ անցյալ տարվա հունիսի 457 դրամից այս տարի հունիսին դառնալով 662 դրամ։