ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին։
Զախարովան մասնավորապես հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարեւորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձեւաչափը, իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը:
«Նրանք առանց որեւէ խորհրդակցության փետրվարի 24-ից ի վեր ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Նա հավելել է, որ ձեւաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որեւէ հստակ պարզաբանում չի եղել: Զախարովան այդ քայլն «անպատասխանատու» է որակել:
Նս հավելել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վստահեցրել է, որ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Մոսկվան կանի հնարավորը։