Թուրքական դատարանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերին հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով 10 ամսվա ազատազրկման է դատապարտել:
Մեղադրանքի հիմքը եղել է 2016-ին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օնդերի՝ ցուցմունքի ժամանակ արած «Լիքը բիծ ունեցող քաղաքական անցյալով Էրդողանն է հրամայել» արտահայտությունը:
Մեղադրող դատախազն Օնդերի այս հայտարարությունը որակել էր որպես նախագահի հասցեին վիրավորանք ու պահանջել դատապարտել հենց այդ հոդվածով։ Նախկին պատգամավորի համար պահանջվել էր 1-5 տարվա ազատազրկում:
Դատավճիռը կարդացող դատավորը, նշելով, որ «բիծ» եզրույթը վիրավորանք է պարունակում, հայտարարել է, որ Օնդերը դատապարտվում է 10 ամսվա ազատազրկման: Միաժամանակ դատարանը հետաձգել է պատժի կիրառումը՝ նշանակելով 5 տարվա պայմանական ազատության շրջան:
Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորի դատապաշտպանը հայտարարել է, որ որոշումը հակասում է օրենքներին՝ տեղեկացնելով, որ վճիռը բողոքարկելու են բարձր դատարաններում: