Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի (Kristina Kvien) թեկնածության առաջադրման մտադրության մասին:
Ծնունդով կալիֆոռնիացի Քրիստինա Քվիենն Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել 2019-ի մայիսին՝ Ջոզեֆ Փենինգտոնի հեռանալուց հետո: Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020-ի հունվարից մինչեւ մայիսի վերջը: 2016-ից մինչեւ 2019-ի ապրիլ նա Փարիզում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար էր, դեսպանատան` տնտեսական հարցերով խորհրդականը:
Քրիստինա Քվիենը դիվանագիտական գործունեության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Եվրամիության, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում: Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների եւ Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում:
Ավելի վաղ Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում Եվրամիության, Ուկրաինայի եւ Բելառուսի հարցերով տնօրենն էր: Քրիստինա Քվիենը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օքսիդենտալ քոլեջում, ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան՝ ԱՄՆ ռազմական քոլեջում (U.S. Army War College):
Հայաստանում ԱՄՆ դեսպանը 2019-ի փետրվարի 19-ից Լին Թրեյսին է: