Ուսուցչի շաբաթական դրույքաչափը, նոր չափորոշիչներով, կկրճատվի: Տարրական դասարաններում դասավանդողներինը 22-ի փոխարեն կդառնա 18, միջին եւ ավագ դասարաններում՝ 20 դասաժամ:
Դրույքաչափի նվազեցումը մեխանիկորեն կհանգեցնի աշխատավարձի որոշակի բարձրացման: Օրինակ, եթե հիմա շաբաթական 18 ժամ դասավանդող ուսուցիչը չի համարվում մեկ դրույքով աշխատող, փոփոխությունից հետո մեկ դրույքի աշխատավարձ կստանա: Այսօր մեկ դրույքով աշխատող ուսուցիչը կդառնա դրույքից ավելի դասաժամ ունեցող եւ ավելի բարձր կվարձատրվի:
Նախատեսվում է կրճատել դասարանների խտությունը: Դասարանների կազմավորման գործող կարգում հակասություններ կային: Տարրական եւ միջին դասարաններում աշակերտների առավելագույն թիվը պետք է լինի 25, ավագ դասարաններում՝ 20: Բայց նույն կարգի մեկ այլ կետով ավագ դասարաններում աշակերտների առավելագույն թիվ սահմանվում էր 30-ը, մյուս դասարաններում՝ 35-ը:
Նոր կարգով հիմք կընդունվեն քաղաքաշինական նորմերը: Դասարաններում աշակերտների թվի նվազեցմամբ նոր դասարաններ կբացվեն, եւ հավելյալ ուսուցիչներ կներգրավվեն: Դասարանների խտության փոփոխությունը կիրականացվի առաջիկա 4 տարվա ընթացքում:
Նոր չափորոշիչները ամբողջությամբ կներդրվեն մինչեւ 2026 թվականը: