ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար քաղաքացիները պարտադիր պետք է նույնականացման (ID) քարտ ունենան։ Դրույթը, սակայն, ներկա պահին ՀՀ ընտրական օրենսգրքում ներառված չէ։
Նա ասել է, որ Հայաստանում գործում է ընտրական մի քանի փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր։
«Մեզ անհրաժեշտ է ունենալ հատկապես նույնականացման քարտ, իսկ ընտրական տեղամասերում` այդ քարտերը կարդացող սարքեր, որպեսզի մանիպուլյացիայի մասին բոլոր թեմաներն ընդհանրապես լուծվեն»,– ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ նույնականացման (ID) քարտով գրանցումը եւ էլեկտրոնային համակարգում հաշվառումը կբացառեն կրկնաքվեարկությունների հնարավորությունը։ Նա հավելել է, որ մյուս կողմից էլ նույնականացման քարտերի ստացումը կնպաստի նաեւ ընտրացուցակների ճշգրտմանը։
Փաշինյանի դիտարկմամբ` նույնականացման քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք անձամբ կներկայանան անձնագրային բաժիններ ու կդիմեն դրանք ստանալու համար, կամ ովքեր արդեն ստացել են եւ օգտվում են դրանցից ՀՀ–ում տարբեր գործառնություններ իրականացնելիս։