Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները, թե Անկարան «գողացված» ուկրաինական հացահատիկ է գնում Ռուսաստանից։ Նա հավելել է, որ Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սեւ ծովում հացահատիկի միջանցքի համար։
«Մենք լրջորեն ենք վերաբերվում նման մեղադրանքներին եւ հետաքննել ենք դրանք: Հետաքննության արդյունքում պարզել ենք, որ գնված հացահատիկը ռուսական է, բայց նաեւ դեմ ենք միջազգային շուկայում «գողացված» ուկրաինական ապրանքների անօրինական վաճառքին եւ թույլ չենք տալիս դրանք վաճառել Թուրքիայում»,- ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Ուկրաինայի տարածքից ռուսական կողմից արտահանվող հացահատիկ գնող երկրների թվում է:
Չավուշօղլուն միաժամանակ հայտարարել է Ստամբուլում «հացահատիկի խնդրի» վերաբերյալ ծրագրված տեխնիկական հանդիպման մասին: Նա հավելել է, որ հանդիպման ժամկետները դեռեւս հստակ չեն:
Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ որոշակի առաջընթաց կա Սեւ ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական խնդիրներ, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ։