Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) եւ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:
Ըստ ԵԽԽՎ լրատվական ծառայության՝ համազեկուցողները նշել են, որ ծայրաստիճան մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ անընդունելի են համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկ տարածած հայտարարությունը, որով պահանջվում էր ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը:
Նրանք բոլոր քաղաքական ուժերին եւ պետպաշտոնյաներին կոչ են արել լիովին հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքները, Սահմանադրությունը եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու ուղղությամբ:
Համազեկուցողների դիտարկմամբ՝ Հայաստանն իր նորագույն պատմության շատ բարդ փուլն է ապրում եւ, քաղաքական ճգնաժամը լուծելու համար առավել քան երբեւէ կարիք ունի բոլոր շահագրգիռ կողմերի հանգստության, զսպվածության, իմաստության եւ ժողովրդավարական սկզբունքների անսասան աջակցության: