Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը եւ լրագրողական այլ կազմակերպություններ հունիսի 20-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդդեմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարության մշակած օրինագծերի մի փաթեթի, որը փոփոխություններ եւ լրացումներ է նախատեսում «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում եւ հարակից այլ օրենքներում։
Անկեղծ ասած` ես վաղուց դադարել եմ այս իշխանության ներկայացուցիչների հետ որեւէ օրինագծի բովանդակային քննարկման մասնակցելուց՝ համարելով դա ապարդյուն զբաղմունք։ Նրանք անցած չորս տարիներին ցույց են տվել, որ թքած ունեն հասարակական կարծիքի վրա եւ ընդունում են այն օրենքները, որոնք ապահովում են իրենց կյանքի հարմարավետությունը։ Ինչքան ուզում է կազմակերպությունները բողոքեն, մատնացույց անեն օրինագծերի տգիտությունը, մեկ է, իրենք անում են իրենց ուզածը։
Այդ պատճառով այս օրինագծերի բովանդակային մասերին էլ կանդրադառնամ միայն հպանցիկ՝ ցույց տալու համար հեղինակների, մեղմ ասեմ, դիլետանտությունը։ Թեպետ հասկանում եմ, որ դա կարող է նաեւ դիլետանտություն չէ, այլ պատվերի հստակ կատարում։ Այսինքն՝ իրենք էլ գիտեն, որ տգիտություն են երկնել, բայց, դե, հրամանն այդպես է իջեցված։
Արդ, բովանդակությունից վերանալով, մի հարց. ինչո՞ւ է լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող օրինագծերը մշակել ԲՏԱ նախարարությունը։ Եթե դա վերաբերեր միայն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի՝ զուտ տեխնիկական խնդիրների լուծմանը, հարց չէր լինի։ Բայց ԲՏԱ նախարարությունն ի՞նչ կարող է հասկանալ լրատվամիջոցների գործունեության կազմակերպմանն ու լրատվական բովանդակությանն առնչվող խնդիրներից, որ քիթը խոթել է այդտեղ։
Սա նույնն է, թե առողջապահության նախարարությանը հանձնարարվի տիեզերական ուսումնասիրությունների, իսկ, ասենք, ջրային կոմիտեին՝ հղիության արհեստական կասեցման դեմ պայքարի օրինագծեր պատրաստել։
Հիմա հարց՝ պատվերը կատարած եւ այս օրինագիծը մշակած անձանց. չհարգելինե՛րս, դուք գիտե՞ք՝ ինչ է լրատվամիջոցների ինքնակարգավորումը, եւ ինչով է այն տարբերվում օրենսդրական կարգավորումից։
Հաստատ չգիտեք, այլապես, երբ օրենքի մի հոդվածով սահմանված է, որ հեռարձակողները պետք է ունենան էթիկայի կանոնագիր, մի այլ հոդվածով զուտ էթիկական խնդիրները չէիք դարձնի օրենքի կարգավորման առարկա։
Ձեր նախագծի 4-րդ հոդվածը պարտադրում է փաստերի եւ կարծիքների տարանջատում, հավաստիություն եւ նման այլ սկզբունքներ, որոնք, հատուկ օժտված ԲՏ-ական «օրինամշակների» համար ընդգծեմ, ամբողջությամբ էթիկական կանոններ են եւ չեն կարող բարձրացվել օրենքի աստիճանի։ Եթե էս ամենը պարտադրում եք օրենքով, էլ ի՞նչ էթիկական կանոնագիր եք ուզում հեռարձակողներից։
Երկրորդ՝ ենթադրենք օրենքն ընդունվեց. ո՞նց եք ապահովելու դրա վերահսկողությունը, ի՞նչ հետեւանք է ունենալու դրանք չպահպանելը, եթե ընդհանրապես կա դրանց պահպանումը ստուգելու որեւէ չափանիշ։ Ահա թե ինչու դրանք ինքնակարգավորման հարցեր են եւ ոչ թե օրենսդրական պարտադրանք։ Իսկ պարտադրանքի դեպքում դրանք դառնալու են մահակ՝ ոչ ցանկալի բովանդակության արգելման համար։
Ասացի, որ չեմ ցանկանա այս տգետ օրինագծի շուրջ բովանդակային քննարկում ծավալել։ Կարդալն արդեն մազոխիզմ էր, քննարկելը կլինի սադոմազոխիզմ։
Այսուհանդերձ, հեղինակների դիլետանտության աստիճանը ցուցանեմ մի օրինակով։ Հիշատակածս 4-րդ հոդվածում կա այսպիսի ձեւակերպում.
«…հանրային հնչեղություն ունեցող քննարկումների ժամանակ պետք է ապահովվի կարծիքների անաչառությունը, կշռադատվածությունը և հակառակ տեսակետների ներկայացումը»։
Հիմա բա ո՞նց մի լավ ուշունց չտաս սրա հեղինակներին ու չասես՝ ա՛յ իմաստակներ, կարծիքի անաչառությունը ո՞րն է։ Կարծիքը ո՞նց կարող է անաչառ լինել։ Կարծիքը հենց լինում է սուբյեկտիվ՝ աչառու։ Միեւնույն փաստի վերաբերյալ հինգ մարդ կարող է հինգ տարբեր կարծիք արտահայտել, ու դրանք բոլորն էլ սուբյեկտիվ են։
Պարզ բացատրեմ, հնարավոր է՝ ձեր եւ ձեր պատվիրատուի գլուխը մտնի. ենթադրենք՝ հինգ հոգի ձեր ասած հանրային հնչեղություն ունեցող քննարկման է մասնակցում, եւ բնականաբար նույն խնդրի վերաբերյալ հինգ տարբեր կարծիք է հնչում, դրանցից ո՞րն եք համարելու անաչառ… Հաաա, դե իհարկե, միայն այն, որը գովերգում է «մեծ առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի իմաստուն ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Իսկ քննադատական կարծիքները, բնականաբար, անաչառ չեն, ու դրանց համար պետք է պատժել… հեռարձակողին, որ չի ապահովել կարծիքների անաչառությունը։
Եվ այս օրինագիծը նման տգիտությունների մի ամբողջ հանրագիտարան է։
Վերոհիշյալ հայտարարության մեջ գործընկերներս կոչ են արել ԲՏԱ նախարարությանը՝
«… հետ կանչել պաշտոնական e-draft.am հարթակում ներկայացված օրինագծերի փաթեթը, շահագրգիռ պետական և հասարակական կառույցների հետ մասնագիտական բաց քննարկումներ կազմակերպել հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ուղղությամբ»։
Գործընկերներս շատ լավատես են։ Ես համարյա համոզված եմ, որ հետ չեն կանչելու։ Հնարավոր է՝ ձեւական քննարկում կազմակերպեն, բայց հետո դնելու են քվեարկության, եւ յոթանասունմեկ ՔՊ-ականներն ավանդապահ հարսի խոնարհությամբ կողմ են քվեարկելու սրան։ Որովհետեւ պատվերն այդպես է իջեցված։ Իսկ պատվերը չկատարելը կարկառուն պատգամավորներ վահագնիկների, արթուրիկների, ջոնջոլների, ջուլհակուհիների եւ կթվորուհիների բարեկեցիկ կյանքը վտանգի կենթարկի։
Հ. Գ. Ինչպես տեսաք, ես ստույգ փաստերի վերաբերյալ խիստ աչառու կարծիք հայտնեցի։ Հիմա նստած մտածում եմ՝ եթե սույն տգիտագույն օրինագիծն ընդունված լիներ, ես էլ այս աչառու կարծիքը հայտնած լինեի հեռուստաբանավեճի ժամանակ, ինձ ի՞նչ էին անելու. քառատելո՞ւ էին, գլխատելո՞ւ էին, թե՞ ավելի ահավոր պատիժ էին սահմանելու՝ պարտադրելու էին ամեն առավոտ եւ երեկո հինգ րոպե լսել Փաշինյանի ելույթների ձայնագրությունը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։