Աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցելու Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած երեք փաստաթղթերի իրականացմանը:
Նա հավելել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, Մոսկվայի գնահատականներով, զգալի առաջընթաց է գրանցել:
«Հայկական կողմի հետ քննարկում ենք հարցերը, որ դեռ պետք է համաձայնեցվեն: Արդեն ուրվագծվում է ընդհանուր պատկերացումը՝ ինչպես հնարավորինս հարմարավետ ձեւով կարող է լուծվել մեքենաների տեղաշարժի կազմակերպման հարցը, որպեսզի որեւէ արհեստական խոչընդոտ չստեղծվի»,- նշել է Լավրովը եւ հավելել, որ Ռուսաստանը կնպաստի այդ աշխատանքին:
«Այլ պայմանավորվածությունների համաձայն՝ պատրաստ ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրելու սահմանազատման եւ սահմանագծման հարցերով Հայաստանում եւ Ադրբեջանում ստեղծված հանձնաժողովներին։ Այս առումով կան կոնկրետ առաջարկներ, որոնք ուրախ կլինեմ Ձեզ հետ քննարկելու»,- նշել է Լավրովը։
Խոսելով խաղաղության ապագա պայմանագրի, դրա դրույթների մասին` ՌԴ գլխավոր դիվանագետը նշել է, որ արդեն լսել են հայկական կողմի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այս հարցի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:
«Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում պատրաստ ենք աջակցություն ցուցաբերելու»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովի հետ հանդիպմանն Ալիեւը պնդել է, թե պաշտոնական Երեւանը դեռեւս չի արձագանքել խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին Բաքվի առաջարկին։ Նա հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից մեկուկես տարի անց էլ Երեւանը դեռ չի իրականացրել իրավական պարտավորությունները հաղորդակցությունների բացման, Նախիջեւանի ինքնավար հանրապետություն ադրբեջանական ապրանքների եւ քաղաքացիների անարգել անցումն ապահովելու ուղղությամբ, եւ այդ հարցոււմ Բաքուն Մոսկվայից ակտիվ գործողություններ է ակնկալում։