Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարանում վաղ առավոտյան լույսը բացվելուն պես ձիերի խրխնջոցն ուժգնանում է: Առանձին գոմերում պահվող ձիերը ճնճղուկների երգի հետ կարծես երկխոսում են ու սպասում ձիապահ Վազգենին: Վազգենի գալուց հետո հանգստանում են, քանի որ ծանոթ են նրա անելիքին։
Վարսակը, գարին ու եգիտպացորենը խառնվում են իրար, ու ձիերի՝ երեքանգամյա սնունդը պատրաստ է: Սկալդն ու Գարունն ամենաանհամբեր ձիերն են եւ մինչեւ կերը մոտեցնելը՝ սկսում են սմբակներով խփել դռանը՝ հիշեցնելով, որ ձիապահը հանկարծ իրենց հերթը բաց չթողնի:
Իսկ Վազգենն անգիր գիտի բոլոր ձիերի անուններն ու նրանց առանձնահատուկ կողմերը։ Օրինակ՝ Սաֆարիդան ամենամաքրասեր ձին է, ու նրա գոմում միշտ քիչ գործ կա անելու: Ակտիվ եւ աշխատող ձիերին երկու բաժին սնունդ պետք է տալ, մինչդեռ քիչ աշխատող ձիերին՝ մեկ բաժին, որպեսզի նրանք փակ գոմում էներգիայի սպառման քիչ կարիք ունենան:
Կերը տալուց հետո ձիապահն էգ ու արու ձիերին տանում է դաշտ։ Հերթականությունը կարեւոր է, հակառակ դեպքում տղա ձիերի մոտ առաջնորդության պայքար է սկսվում:
Ժամանակին նրա ամենասիրած ձին եղել է Բրասլետը, բայց հիմա բոլորին հավասար է վերաբերվում: Երիտասարդ ժամանակ ձիապահը զբաղվել է նաեւ սեղանի թենիսով ու վոլեյբոլով, իսկ ամռանը միշտ սարեր է գնացել ու ձիավարությամբ զբաղվել, դրա համար ձիապահի գործը նրան բավականին հեշտ է տրվել:
Մարզիչներ Վանիկն ու Ռոբերտը 40-50 տարվա մարզիկներ են: Ձիերի հետ սկսում են աշխատել երկու տարեկանից, սկզբում սովորեցնում են վազել, թամբել, ծանրություն կրել: Ձիերի օրը սկսվում է նախավարժանքից՝ տաքացնում եւ բացում են մկանները, ու դրանից հետո միայն անցնում թռչիքային պարապմունքներին: