Մեր քայլերը միայն այնքանով են արժեքավոր, որքանով դրանցում իմաստ կա։ Սա ակնհայտ է։ Նույնքան ակնհայտ է, որ արժե անել իմաստ ունեցող բաներ: Իսկ դրան հասնելու համար նախ պետք է սովորենք տեսնել երեւույթների, հատկապես մեզ հետ պատահած դեպքերի իմաստը։
Ճանաչել զիմաստություն
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»․ ահա հայոց լեզվով, մաշտոցյան այբուբենով գրված առաջին նախադասությունը։ Մաշտոցի միջոցով այս նախադասությամբ մի նոր մշակութային սկիզբ է դրվել մեր ազգի համար։ Հայտնի բան է՝ ճիշտ դրված սկիզբը ներկա է շարունակությունում։
Իմ համոզմամբ՝ «ճանաչել զիմաստությունը» ոչ միայն սկիզբ է, այլ նաեւ ճանապարհ եւ, որոշ իմաստով, նշանակետ։ Ահա այս մաշտոցյան իմաստությունն է, որ ես առաջարկում եմ փնտրել։ Եվ այս իմաստությունը սկսվում է ամենաառօրեական երեւույթների իմաստը տեսնելու ձգտումից: Եթե չենք հասկանում մեզ հետ անմիջապես կատարվածի իմաստը, մենք ինչպե՞ս կկարողանանք հասկանալ այն վերինը, որն անգամ չենք տեսել:
Ժամանակի հանգույց
Բոլորս նկատած կլինենք՝ կան դեպքեր, որոնք պարբերաբար կրկնվում են մեր կյանքում, այլ կերպ ասած՝ անընդհատ նույն փոցխին ենք հանդիպում։ Նման դեպքերի ընդհանրացումից է ծնվել «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ասացվածքը։ Նման դեպքերում թվում է, թե հայտնվել ենք կախարդական շրջանում, եւ ոչ մի կերպ չի ստացվում դուրս գալ այդ շրջապտույտից։
Այս մասին է «Արջամկան օրը» ամերիկյան, խորհրդածելու առիթ տվող ֆիլմը։ Ֆիլմի հերոսը, կարելի է ասել, լռվել էր ժամանակի հանգույցում. ամեն առավոտ արթնանում էր եւ նկատում, որ կրկնվում է նույն օրը։ Բայց դա նկատում էր միայն ինքը: Մյուսների համար եւս իրադարձությունները կրկնվում են, բայց նրանք դա չեն նկատում: Ժամանակի հանգույցից հաջողվում է դուրս գալ, երբ հերոսը ձգտում է հասկանալու կատարվածի իմաստը, ջանում է ինքնակատարելագործվել։ Ի վերջո, սիրած կինը նկատում է նրան, եւ նրանք մտերմանում են։ Հաղթահարվում է կախարդանքը, եւ նա դուրս է գալիս ժամանակի հանգույցից։
Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ ժամանակի նման շրջապտույտներից դուրս գալու համար պետք է հասկանանք կատարվածի իմաստը: Կյանքը մեզ ամեն քայլափոխի դասեր է տալիս: Եվ որպեսզի փոխադրվենք հաջորդ դասարան, պահանջվում է հասկանալ տվյալ դասի իմասը: Եթե ոչ, մնալու ենք նույն դասարանում, հայտնվելու ենք նույն ծակ տաշտակի առաջ, եւ դասը կրկնվելու է: Այնպես որ, նախ փորձենք ընկալել իմաստն այն դասերի, որ տալիս է մեզ կյանքը:
Գրելը կարող է օգնել
Կյանքի դասերը սովորելու, իմաստը հասկանալու համար մենք ունենք ամենակարող մի գործիք՝ գրելը։ Եվ այն մեզնից մեծ զոհաբերություն չի պահանջում։ Ուղղակի օրը երկու անգամ նստում ենք եւ գրում պատահած որեւէ էական դեպքի մասին։ Էականը հենց այն է, ինչը մենք այդ պահին այդպիսին ենք համարում։ Կարելի է սկսել նման մի որեւէ նախադասությամբ՝ «Ես փորձում եմ հասկանալ ինձ հետ կատարված այս դեպքի իմաստը», եւ սկսում ենք գրել «առանց հետ նայելու», մեր իմացած բառերով։ Գրում ենք առանց կանգ առնելու, հնարավորինս արագ եւ աշխատում ենք բաց չթողնել ոչ մի միտք։
Նախ՝ նկարագրում ենք կատարվածն ընդհանուր գծերով։ Գրում ենք այնքան, որքան գրվում է:
Ապա փորձում ենք պատասխանել հետեւյալ հարցերին՝ «Եվ ի՞նչ է սովորեցնում ինձ այս ամենը, ո՞րն է կատարվածի հիմնական դասը»: Ձեւակերպում ենք հարցը եւ շարունակում գրել այն, ինչ անցնում է մեր մտքով: Հետահայաց նայում ենք կատարված դեպքին, փորձում հիշել, թե ինչ տպավորություն է այն թողել մեզ վրա: Փորձում ենք ներկայացնել մեր ապրումները: Հետո անցնում ենք հետեւություններին: Հետեւությունները գրում ենք այնպես, իբրեւ թե խորհուրդներ ենք գրում՝ ուղղված մեզ համար թանկ մեկին, օրինակ՝ մեր երեխային: Վերջում կարելի է մեկ հարց եւս ձեւակերպել՝ «Եվ ո՞րն է այս ամենից իմ հիմնական հետեւությունը», եւ այստեղ գրանցել այն պատասխանը, որ հայտնվում է հենց այդ պահին մեր մտքում:
Սկսենք գրել եւ կզարմանանք, թե որքան մոտ են մեր հարցերի պատասխանները։
Իմաստ փնտրելու գրությունները պարտադիր չէ, որ հենց նույն օրվա դեպքերին վերաբերեն։
Կարելի է կատարել նաեւ այսպիսի վարժություններ։
Հիշում ենք մեզ այն տարիքում, երբ ավարտում էինք դպրոցը կամ ընդունվում որեւէ բուհ, մեր այն ժամանակվա երազանքները, ամենախորքային ձգտումները։ Փորձում ենք հիշել եւ թղթին հանձնել այն ժամանակվա մեր ապագայի տեսլականը։ Շարունակում ենք գրել եւ հետահայաց դիտել մեր ապրումները։ Նկատում ենք, թե ինչ հույզեր են արթնացնում այդ հիշողությունները։ Ջանում ենք այս ամենում տեսնել եւ ձեւակերպել ամենաէականը, որ շարունակում է գործել։
Ինչպե՞ս է դա տեղի ունենում
Երբ գրում ենք իմաստ փնտրող գրություններ, երբ փորձում ենք տեսնել իմաստը, մեր հայացքը մակերեսից, որտեղ այն սովորաբար գտնվում է, փորձում է թափանցել խորքը եւ տեսնել էությունը: Մենք սկսում ենք տեսնել երեւույթները առավել ընդհանրական, հայտնվում ենք իմաստների հարթությունում եւ ազատվում խնդրի կախարդանքից:
Որպեսզի կարողանանք լուծել որեւէ խնդիր, պետք է նախ դուրս գանք հարթությունից, որտեղ այն դրսեւորվում է: Երբ փնտրում ենք որեւէ երեւույթի, դիպվածի իմաստը, մենք դուրս ենք գալիս խնդրի հարթությունից եւ հայտնվում այլ տարածքում: Դա այն տարածքն է, որտեղ գործում են իմաստության ոգիները: «Իմաստը գտնելն ու հասկանալը» հենց զրույցն է իմաստության ոգիների հետ:
Եթե մենք հետեւողականորեն մեկ-երկու շաբաթ, ամեն օր, օրը երկու անգամ գրենք այս իմաստ փնտրող գրությունները, կնկատենք, որ մեզ համար սովորական մի բան է դարձել հանդիպած դիպվածներում, կարդացած գրքերում, դիտած ֆիլմերում իմաստ փնտրելը եւ գտնելը։
Իմաստը տեսնելը նման է հեքիաթի հերոսի՝ մութ աշխարհներում դեւերի հետ կռիվ տալուց հետո լույս աշխարհ դուրս գալուն, որտեղ ամեն ինչ երեւում է ճիշտ այնպես, ինչպիսին որ է։
Սկսենք գրել եւ կհամոզվենք, որ գրելը լավագույն գործիքներից մեկն է իմաստին հաղորդ լինելու ճանապարհին։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։