Զբոսաշրջային առումով օր օրի գրավիչ դարձող Դսեղում հունիսյան օրերից մեկը տեղացիներին եւ եկվորներին համախմբում է՝ ճանաչելու Լոռվա հանդ ու սարի «համը»։ Արդեն երեք տարի այստեղ անցկացվում է փառատոն, որը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի բույսերը՝ բնությունից մինչեւ խոհանոց։
Գյուղի ընդարձակ հրապարակի կենտրոնական տաղավարներից մեկը Թումանյան համայնքինն է, նաեւ՝ ամենահյուրաշատը։
Այստեղ ուտեստները բազմազան են՝ սինդրիկ, ավելուկ, թելուկ, շուշան, բլդրղան․ բոլոր ցանկացողների համար էլ կա՝ թե՛ հում եւ թե՛ պատրաստի վիճակում։ Իսկ ուրցի եւ դաղձի բույրը «մատուցվում» է թեյախմության միջոցով։
Թումանյանցիներն ասում են՝ այս տարի փառատոնին առանձնահատուկ են պատրաստվել․ Դսեղն իր բոլոր գրավչություններով արդեն Թումանյան ընդլայնված համայնքի կազմում է։
«Էն ամենը, ինչ բնորոշ է Թումանյան համայնքին, փորձեցինք էդ կոլորիտը ներկայացնել մի փոքրիկ սեղանով։ Մեր տաղավարի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ կար բույսերից պատրաստված աղցանների համտես։ Ամեն ինչ ունեինք՝ ե՛ւ չոր, ե՛ւ պատրաստի վիճակում։ Նույն բույսը թարմ վիճակով նույնպես ներկայացված էր, այսինքն՝ տեսնում են, թե ինչից ինչ ենք պատրաստել։ Բացի այդ՝ հյուրասիրություն ենք կազմակերպում, ինչին հաջորդում է վաճառքը։ Գնելու դեպքում մեր պատրաստողները տեղում նաեւ պատրաստման ձեւն են ասում եւ խորհուրդներ տալիս»,- պատմում է Թումանյանի համայնքապետարանի մշակույթի բաժնի աշխատակից Սիրուշ Դավթյանը՝ կարեւորելով նման փառատոնի կազմակերպումը որպես համայնքը ճանաչելու միջոց։
«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» փառատոնը 2019-ին հիմնադրել է «ՀԿ կենտրոն» քաղհասարակության զարգացման կազմակերպությունը։ Հաջորդող տարում կորոնավիրուսի համավարակի պատճառով կազմակերպիչներն ընդմիջել են, ապա նորից շարունակել Լոռվա համուհոտը հանրահռչակելու գործը։
Ընդամենը երեք տարի, եւ ամենամյա այս իրադարձությունն արդեն ներառված է «Ֆեստիվար հայկական փառատոների ասոցիացիա»-ի օրացույցում։ Իսկ դա նշանակում է, որ փառատոնով հետաքրքրվում են նաեւ զբոսաշրջային գործակալությունները՝ երթուղիներում ներառելով Դսեղը։
«Սա ստատիկ փառատոն չէ, որ մարդիկ գան, առեւտուր անեն կամ ապրանքը փորձեն, համտեսեն, վարպետաց դասերի մասնակցեն, ինչպես լինում է բոլոր փառատոներում։ Էստեղ կարեւոր է, որ մենք սովորեցնենք, թե որտեղից է բույսը գալիս։ Այսինքն՝ վայրի հավաքչություն ենք կազմակերպում, եւ մի քանի ուղղություններով քայլարշավի ընթացքում ցանկացողները գյուղացու հետ հավաքում են բույսը, գյուղացին ասում է, թե ոնց են ճանաչում, որտեղ է օգտագործվում, այսինքն՝ միանգամից բույսի գործնական ճանաչում է տեղի ունենում։ Ունենք նաեւ շրջագայություն «Զիլ» մեքենայով, զիլինգ ենք անվանում, դաշտերով գնում ենք, նորից բույսերի մասին խոսակցություններ գյուղացիների հետ եւ այլն»,- փառատոնի հետաքրքրություններն է ներկայացնում հիմնադիր, «ՀԿ կենտրոն» կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը։
«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» առաջին փառատոնն անցկացվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հաջորդիվ արդեն «ՀԿ կենտրոն»-ն ու ՏՈՒԿ-ն (Տուրիզմի ուրույն կենտրոն) են հոգացել կազմակերպման ծախսերը։ Վերջինը նշված կազմակերպության սոցիալական ձեռնարկությունն է Դսեղում։ Ըստ Արփինե Հակոբյանի՝ այս տարի տեխնիկական աջակցությամբ նաեւ համայնքապետարանն է իրենց միացել։
Իսկ փառատոնի գեղարվեստական մասը Դսեղի եւ Վանաձորից եկած մշակութային խմբերն են ապահովում։
Հայկական բնաշխարհի բույսերն ու խոհանոցում դրանց պատվավոր տեղը փառատոնի հյուրերին ներկայացնում է գյուղացին, բուսական արտադրանքը՝ ձեռնարկատերերը։
Տաղավարներից մեկում ազգությամբ ռուս այցելուները մեղրից պատրաստված գինի են համտեսում, ապա հետաքրքրվում ցուցադրված գրեթե յուրաքանչյուր արտադրանքով։ Մեղր, ակնամոմ, մայրակաթ, ծաղկափոշի, ծաղկախյուս կամ մոտ 15 տեսակի արտադրանք, որոնց հիմքը բույսերն են: Իսկ արտադրողը «Մեղրատուն» ընկերությունն է՝ Վանաձորից։
«Ամեն տարի մասնակցել ենք, եւ նման փառատոները լավ են ճանաչելիության առումով։ Նոր հաճախորդներ ենք ձեռք բերում, մեզնից կոնտակտներ են վերցնում, դառնում մշտական հաճախորդներ։ Շուտով նաեւ դամասկոսյան վարդից ենք գինի եւ այլ պրոդուկտներ ստանալու։ Մյուս տարի դա էլ արտադրության մեջ կլինի»,- ասում է ընկերության տնօրեն Հարություն Զաքարյանը եւ ավելացնում՝ օրվա վաճառքից գոհ են, իսկ ընդհանրապես ցուցահանդեսների եւ փառատոների շատ են մասնակցում։
Փառատոնի տաղավարներից մեկում տասից ավելի բուսատեսակներից պատրաստված յուղերով «Սպիտակ մանուշակ»-ն էր ներկայացնում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի սոցիալական ձեռնարկությունը, որ փորձում է մեղմել կանանց գործազրկությունը Սպիտակ համայնքում։
Հազարաթերթիկ, երիցուկ, խատուտիկ, խնկածաղիկ, գնարբուկ, լորենի, յասաման, վարդ, ուրց, դաղձ, ռեհան եւ այլն։ Մոտեցողներին բացատրում են՝ բուժիչ հատկություններով բուսայուղեր են՝ առանց քիմիական հավելումների, օգտագործելի թե՛ խմելու եւ թե՛ կոսմետիկ նպատակներով։
«Ունենք տասներկու տեսակի բույսերից ստացված յուղեր։ Հիմա մի տեսակ էլ ճզմման միջոցով ենք ստացել, կտավատի յուղն է։ Հիմնական վաճառքն անում ենք Ֆեյսբուքի միջոցով, մասնակցում ենք փառատոների, դրանց ժամանակ եղած վաճառքից էլ գոհ ենք։ Շուտով կլինենք նաեւ դեղատներում։ Գները թանկ չեն`1200-2000 դրամ արժեն մեր յուղերը»,- ասում է կազմակերպության ներկայացուցիչ Նունե Թումանյանը, ապա ավելացնում՝ օգտագործողներն իրենց մոտ երկրորդ անգամ էլ են գալիս։
Լոռու բուսատեսակների բազմազանությունը եւ օգտակարությունը «քարոզող» փառատոնի կազմակերպիչներն էլ Դսեղ եկած հյուրերին կրկին հետ բերելու համար նոր, հետաքրքիր բաղադրիչներ են մտմտում։ Ինչպես, օրինակ, բուսական ուտեստների պատրաստման մրցույթը, որ հաջորդ տարի տեղում՝ հենց փառատոնի ընթացքում անցկացվելու է մասնակիցների միջեւ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։