Հռոմի Ֆրանցիսկոս պապի այս տարվա փետրվարի 2-ի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը այսուհետեւ կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր, որը կներառվի աշխարհով մեկ սփռված կաթոլիկ (կաթողիկե) եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը եւ ժամերգության տեքստերը։
Նույն հրամանագրով կաթոլիկ եկեղեցիների տոնացույցում հիշատակի օրեր կունենան եւս երկու սուրբ՝ «Եկեղեցու ուսուցիչ» տիտղոսին արժանացած իսպանացի քահանա, քարոզիչ Հովհաննես Ավիլացին եւ գերմանացի վանականուհի, գրող, փիլիսոփա Հիլդեգարդ Բինգենցին:
Հովհաննես Ավիլացիի օրը օրացույցում կնշվի մայիսի 10-ին, իսկ Հիլդեգարդ Բինգենցիինը՝ սեպտեմբերի 17-ին:
Վատիկանի տեղեկատվական կայքէջի (vaticannews.va) հայերեն բաժնի աշխատակից Ռոբերտ Ադդարյանը մանրամասներ է հայտնում այս կարեւոր իրադարձության մասին.
«Այսօր առավոտյան այս առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Սուրբ Պետրոսի տաճարում եւ համամիութենական աղոթք՝ Վատիկանի պարտեզներում՝ 2018-ին այդտեղ զետեղված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի մոտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արեւմտյան Եվրոպայի առաքելական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ: Ներկա կլինի Քրիստոնեական միասնության աջակցության պապական խորհրդի նախագահ, կարդինալ Կուրտ Կոխը: Նախատեսված է նաեւ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ելույթը»։
Ռոբերտ Ադդարյանը հիշեցնում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2016-ին Հայաստան կատարած առաքելական այցելության ժամանակ իր ճառերում մի քանի անգամ հիշատակել է Սուրբ Գրիգոր Նարեկացուն ու մեջբերումներ կատարել նրանից՝ նշելով, որ Նարեկացուն հռչակել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ», նա կարող էր հռչակվել նաեւ «Խաղաղության վարդապետ»:
Հիշեցնենք, որ մինչ այդ՝ 2015 թվականիի ապրիլի 10-ին՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցված պատարագի ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, որ համամիտ լինելով եւ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների եւ հավատացյալների խնդրանքը՝ 10-րդ դարի մեծագույն հայ բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:
Ֆրանսիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Հ. Եղիա եպս. Եղիայանը, անդրադառնալով Հռոմեական գլխավոր օրացույցում Նարեկացու հիշատակի օրվա հաստատմանը, մասնավորապես գրել է.
«Կաթոլիկ եկեղեցու կողմից այս նորագույն հոգածությունը թող հայ ժողովրդին եւ նրա կրոնական ու պետական պատասխանատուներին խրախուսի ու քաջալերի փոխադարձ հարգանքի, երկխոսության, հասկացողության եւ հատկապես միության՝ վանելով ամեն տարակարծություն, մրցակցություն եւ պառակտում»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։