Մարտի 1-ին ուժի մեջ է մտնում Հայաստանի եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ գործընկերության համաձայնագիրը:
ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում եւ գործելու է այսօրվանից:
«ՏԱՍՍ»-ը մեջբերել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, ըստ որի՝ համաձայնագիրը ՀՀ եւ ԵՄ երկկողմ հարաբերությունները բարձրացնում է նոր՝ գործընկերային մակարդակի, կանոնակարգում քաղաքական եւ տնտեսական բնագավառներում երկխոսությունը, կարգավորում ոլորտային համագործակցությունն ու առեւտրային հարաբերությունները, կուռ իրավական հիմք ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ արդարադատության, անվտանգության, գյուղատնտեսության, տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, շրջակա միջավայրի եւ այլ ոլորտներում:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է նաեւ, որ համաձայնագրի արդյունավետ իրականացումը շոշափելի արդյունք կունենա Հայաստանի քաղաքացիների համար, մեծամաշտաբ բարեփոխումների շնորհիվ կնպաստի երկրում ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական, սոցիալական կայունության ամրապնդմանը, ինչը ժամանակի ընթացքում կանդրադառնա քաղաքացիների բարեկեցության եւ կյանքի որակի բարձրացման վրա:
«Համաձայնագիրն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում: