ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դիմակայության հարցում: Պետքարտուղարը շեշտել է, որ Ռուսաստանը պարտվել է իր սանձազերծած պատերազմում:
«Ուկրաինան պաշտպանվում է անհավանական խիզախությամբ, մինչդեռ Ռուսաստանն արդեն պարտվել է: Պուտինի նպատակը Ուկրաինայի՝ իբրեւ ինքնիշխան եւ անկախ պետության ոչնչացումն էր: Այդ նպատակն անհաջողության է մատնված: Ինքնիշխան եւ անկախ Ուկրաինան Պուտինի կյանքից երկար կյանք կունենա»,- հայտարարել է Բլինքենը:
Նա հավելել է, որ ի հեճուկս Դոնբասում որոշակի հաջողությունների՝ Ռուսաստանը հեռու է վճռական հաղթանակից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նվաճումներին, դրա համար այդ երկիրը չափազանց թանկ գին է վճարել: Բլինքենը նշել է, որ ներխուժումից ի վեր ռուսաստանյան զորքերը տասնյակ հազարավոր զոհեր է տվել: ՌԴ ԶՈՒ-ն շարունակում է մեծ քանակությամբ տանկեր, ավիացիա, զրահատեխնիկա կորցնել:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ հետագա գրոհի դեպքում Ռուսաստանը կգրավի իր ձեռքով ավերված քաղաքները, մինչդեռ ուկրաինացի զինվորականներն առավել ամուր դիրքեր կգրավեն եւ արդյունավետ պաշտպանական մարտեր կմղեն:
«Մեր հետախուզության տվյալներով ռուսական բանակը շարունակում է տառապել մարտական ոգու անկումից, մահացության բարձր տոկոսից, տեխնիկային առնչվող խնդիրներից»,- ասել է Բլինքենը եւ հավելել, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը հրաժարվում է իր զորքերին հաղորդել մարտադաշտում տիրող իրական վիճակից: