Կառավարության նիստերի ընթացքում ծավալվող քննարկումները գնալով նմանվում են կենցաղային զրույցների: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զեկուցվող հարցերի շուրջ ամեն անգամ փորձում է տարատեսակ դետալային քննարկումներ ծավալել, նախարարներից մանրամասներ ճշտել: Պետության ղեկավարն այս կամ այն նախագծի քննարկման ժամանակ այնպիսի հարցադրումներ է հնչեցնում, որոնց պատասխաններն ինքը վաղուց պետք է ստացած լիներ նախնական քննարկումներում:
Հերթական նման դեպքը կառավարության վերջին նիստում էր, երբ Փաշինյանը մանրամասն խոսեց գյուղական համայնքների փողոցները մաքրելու անհրաժեշտության մասին՝ պատմելով, որ վերջերս ինչ-որ տեղ ճանապարհին տեսել է երթեւեկության կարգավորման մաշված ցուցանակ. «երեւի մի 62 տեղից ճմռթած, այն ժապավենը, որով փակված է, երեւի 62 թվից որքան շինարարություն են արել, այդ նույն ժապավենով է եղել, ճանապարհային նշանները տրակտորի տակ ընկած»:
Այս նույն ոճի մեջ են եղել նաեւ կառավարության նախորդ նիստերը, երբ պետության ղեկավարի գլխավորությամբ արծարծվում են թեմաներ, որոնք կարող էին քննարկվել նախարարների՝ ամենօրյա խորհրդակցությունների ժամանակ, կամ մարզպետների անցկացրած մարզխորհրդի նիստերին:
Իշխանության պահվածքից տպավորություն է, որ նրանք երկրում ստեղծված իրավիճակը համարժեք ընկալելու հարցում լուրջ խնդիրներ ունեն, չեն տարբերում՝ որն է կարեւոր: Կամ, որ շատ ավելի հավանական է, իշխանությունը գիտակցում է ստեղծված իրավիճակը, ու դրանով հանդերձ նման քննարկումներով պարզապես փորձում են մարդկանց ուշադրությունը կենցաղային հարցերի վրա կենտրոնացնել: Եվ հետո, այսկերպ Փաշինյանը տեղավորվում է «ժողովրդական վարչապետի» կերպարի մեջ, երբ խոսում է ոչ թե ինչ-որ գլոբալ խնդիրներից, այլ մանր-մունր հարցերից:
Հիշում եք՝ գործող իշխանությունը ժամանակին ինչպես էր ծաղրում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, երբ վերջինս գյուղացիների համար կով կթելու մասին դասախոսությամբ էր հանդես եկել՝ բացատրելով, թե ինչպես պետք է գոլ ջրով լվանալ կովի կրծքերը, խոնավ սրբիչով չորացնել եւ միայն դրանից հետո սկսել կիթը: Հիմա իրենք են գնում նույն ճանապարհով:
Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակի մասին, սկսվում է պարզունակ մանիպուլյացիաների շարքը: Ասելիքը մեկն է՝ պատերազմի, պարտության մեղավորները միայն նախկիններն են, ինքը վատ ժառանգություն է ստացել, իրավիճակը փորձել է փրկել, բայց շատ ավելի ծանր իրավիճակում ենք հայտնվել: Եվ այսպես ինքնարդարացումների հերթական դրսեւորումը, տվայտանքներ, որոնք վաղուց արդեն չեն հետաքրքրում մարդկանց:
Մյուս կողմից այս իրավիճակի խորացմանը նպաստում է խորհրդարանական ընդդիմությունը, որն էլ իր հերթին է փորձում իջեցնել նշաձողերը՝ պայքարը կառուցելով «թուրք», «դավաճան», «առանց թուրքի Հայաստան» խոսույթով: Պատահական չէ, որ ամիս ու կես տեւած փողոցային պայքարի ընթացքում ականատես եղանք ամեն ինչի՝ բացի քաղաքական պայքարից: Փողոցային այդ պայքարում լսեցինք ամեն ինչ՝ բացի քաղաքական տեքստերից ու քաղաքական մտքից. միայն վիրավորանք, միայն պիտակավորում եւ վերջ:
Մինչդեռ Հայաստանում գնալով խորանում է ճգնաժամը, որոշ ոլորտներում՝ շատ ցցուն, որոշ ոլորտներում՝ աննկատ: Եվ այս ամենի մեջ ամենավտանգավորը հասարակության դիմադրողականության կորուստն է:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: