ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանը հետեւողական է խաղաղության հաստատման իր օրակարգում: Նա նշել է, որ դրա մասին բազմիցս հայտարարել է ե՛ւ հրապարակավ, ե՛ւ միջազգային ձեւաչափերում, ե՛ւ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում:
Նախարարն ընդգծել է, որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չեն համարում՝ բնականաբար, այդ առաջարկներն ամբողջացնելով հայկական կողմի պատկերացումներով:
«Հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլեւ դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին եւ սպասում է Ադրբեջանի պատասխանին»,- շեշտել է Միրզոյանը:
Նա նշել է, որ ՀՀ իշխանությունները խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջեւ խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ են ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: ԱԳ նախարարը եւս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները:
Նաեւ անդրադառնալով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլեւ միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ:
Միրզոյանը նաեւ շեշտել է, որ Ադրբեջանը ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա:
Հայաստանը մեծապես շահագրգռված է գործընթացի հաջողությամբ
«Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել»,- նշել է ԱԳ նախարարը:
Ըստ նախարարի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաեւ այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020-ի այդ հայտարարության առաջին կետը, 2022-ի մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի եւ մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Միրզոյանն ընդգծել է, որ իրենք բազմիցս նշել են, որ Հայաստանն ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ:
Նա նշել է, որ գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության եւ մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որեւէ աղերս չունեն:
Անդրադառնալով ապաշրջափակման թեմային՝ Միրզոյանը վստահեցրել է, որ քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, եւ հույս է հայտնել, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետեւանքով չի տապալվի եւ շուտով հաջողությամբ կավարտվի։