Անդրանիկ Մարգարյանը պատերազմից առաջ Ջաբրայիլի (Ջրականի) զորամասերից մեկում է ծառայել, սպառազինության ծառայության պետ էր։ Ծառայության տարիներին ընտանիքի հետ բնակվել է Ջաբրայիլի զորամասերից մեկին կից՝ զինվորականների եւ նրանց ընտանիքների համար կառուցված թաղամասում: Պատերազմի օրերին հղի կնոջն ու երկու որդիներին ուղարկել է Հայաստան, ինքը՝ մեկնել առաջնագիծ։
Հոկտեմբերի 3-ին մարտական դիրքից զինամթերք տեղափոխելիս վիրավորվել է, բայց նրան հաջողվել է դուրս գալ շրջափակումից: Հրազենային հարվածը Անդրանիկի ողնուղեղն ու նյարդային համակարգն է վնասել։ Մարմնին յոթ գնդակ է դիպել, որից մեկը դեռեւս թոքի մեջ է, բժիշկները խորհուրդ չեն տալիս վիրահատել։ Հիմա վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։
«Տասնհինգ տարեկանից արդեն ինքնուրույն մարդ էի, ընտանիքից դուրս եմ եկել, սեփականը ստեղծել, մասնագիտություն եմ ձեռք բերել, ծառայության անցել, տուն ու տեղ դրել, ու այդքանից հետո կյանքը 180 աստիճանով փոխվում է։ Տուն, աշխատանք կորցրել եմ, ձեռք բերել հենաշարժողական խնդիրներ, առանց որեւէ մեկի օգնության չեմ կարողանում ամենապարզ կենցաղային գործողություններն անել»,- ասում է Անդրանիկը: Դստեր ծնունդից հետո է իր մեջ ուժ գտել. «Երեք երեխա ինձ է նայում ամեն օր, ես իրավունք չունեմ հուսահատված ապրելու»։
Անդրանիկն ապրում է ծննդավայր Արտաշատում, բայց ամեն օր աշխատանքի է գնում Երեւան։ Չհամակերպվելով տեղաշարժման սահմանափակումներին՝ մեքենա է գնել եւ որոշել հարմարեցնել իր կարիքներին․ «Առաջին փորձարկումն իմ մեքենայի վրա արեցինք։ Ձեռքի բռնակը մի ձողով ամրացրել ենք ոտնակներին, այսինքն՝ մի բռնակով հնարավոր է կառավարել ե՛ւ արագությունը, ե՛ւ արգելակումը, այլեւս կարիք չկա ոտնակներն օգտագործելու»,- ասում է նա։ Հաջողված փորձից հետո Անդրանիկը նույն ձեւափոխությունն արել է նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարտական ընկերների մեքենաների վրա։
«Երբ մեքենան չկար, Անդրանիկը տնից դուրս չէր գալիս, սկզբնական շրջանում անվասայլակի հետ կապված շատ անհարմարություններ կային, իր հետ չէի կարողանում դուրս գալ զբոսանքի,- անհարմարությունն, ըստ տիկնոջ՝ Մարիամի, պայմանավորված է ոչ միայն սայլակի ծանրությամբ,- Արտաշատ քաղաքն իր փողոցներով, շենքերով կարծես շրջանցել է հաշմանդամներին։ Մայթերում թեքահարթակ մատների վրա կարելի է հաշվել, խնդրի մասին բարձրաձայնել ենք, բայց ոչ մի արդյունք»,- դժգոհում է Մարիամը:
Անդրանիկն աշխատանքի առաջարկ ստացել է Զինվորի տանը հաշվապահության դասեր ստանալուց հետո։ Աշխատում է Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամում որպես հաշվապահ։ Աշխատավայրը նորակառույց շենքում է։ «Նորակառույցներն, ի տարբերություն խորհրդային շենքերի, հաշվի են առնում հաշմանդամություն ունեցողների անարգել միջավայրի անհրաժեշտությունը»,- Անդրանիկի կարծիքով ցանկության դեպքում հնարավոր է խորհրդային շենքերն էլ հարմարեցնել հաշմանդամություն ունեցողներին։
Մեր հանրապետության բոլոր քաղաքները, բացառությամբ Երեւանի, հարմարություններ չունեն հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար, թեեւ այսեղ էլ բազմաթիվ մանր ու մեծ խնդիրներ կան։ «Օպերայի տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղի կա, մեքենան որոշեցի կայանել, որ վերելակով դուրս գամ, հինգ-վեց վերելակից ոչ մեկը չէր աշխատում: Այսինքն՝ ստորգետնյա կայանատեղին ինձ համար անհասանելի է։ Եթե միայնակ ես, իմացի՛ր, շատ վայրեր այցելելուց զրկված ես»,- ասում է Անդրանիկն ու պատմում, որ դադարել է նաեւ հին շենքերի վերելակներից օգտվելուց. դռներն այնքան նեղ են, որ սայլակը ներս չի մտնում։
Թեեւ 2021 թվականից ի վեր քաղաքապետարանը նոր վերելակներ սկսել է տեղադրել հատկապես այն շենքերում, որտեղ վիրավոր զինծառայողներ են ապրում, բայց ծրագիրը բոլոր շենքերի վրա չի տարածվում։ Անդրանիկն ընտանիքի հետ Արտաշատի Մանուշյան փողոցում է ապրում։ Քանիցս դիմել են քաղաքապետարանին՝ ասֆալտապատելու տան հարակից գրունտային փողոցը, որն անվասայլակի տեղաշարժը բարդացնում էր, բայց ընթացք չեն տալիս։ «Հույսս ավագանու ընտրություններն էին, բայց որոշ ժամանակ անց բեռնատարներով խիճ լցրեցին, արդյունքում «հոնքի տեղը աչքն էլ հանեցին»։ Եթե գրունտային փողոցի վրա հնարավոր էր դժվարությամբ, բայց տեղաշարժվել, հիմա տան շեմից դուրս չեմ գալիս»։
«Պատերազմից հետո ոչ ոք իմ դուռը չի թակել՝ հարցնելու՝ ինչ եմ անում, աշխատանք գտել եմ, թե ոչ»,- ասում է Չարենցավանում բնակվող Սամվել Արուտչյանը, որը եւս նախկին սպա է: Գանգուղեղի բեկորային վնասվածքը թույլ չի տալիս նրան վերադառնալ ծառայության, առջեւում էլի վիրահատություն ունի։ «Եթե չլիներ Զինվորի տան դրամաշնորհային ծրագիրը, ես երեւի անգործ կմնայի»,- ասում է Սամվելը։ Զինվորի տան «Շառլ Ազնավուր» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով կարողացել է գեղեցկության սրահ բացել Չարենցավանում, կնոջ հետ ընտանեկան բիզնեսով են զբաղվում, թեեւ այն դեռ չի արդարացրել սպասելիքները։ «Պետությունը, պաշտպանության նախարարությունը վիրավոր զինվորների խնդիրներից ձեռքերը լվացել է»,- ասում է Սամվելը։
Տղաները հաշմանդամության կարգի համաձայն ամենամսյա գումար են ստանում, այլ հարցերով ՊՆ-ն ուղղորդում է դեպի «Հազար պլյուս» հիմնադրամ։
«Զանգել եմ, հարցնում եմ՝ ինչո՞ւ եմ կոչվում զինհաշմանդամ, եթե ոչ մի հարցով չեք օգնում։ ՊՆ-ին ինչ հարցով դիմում ես, պատասխանում են՝ չունենք, չենք կարող։ Պատերազմից հետո վիրավորներ կան, որոնց պետք են մշտական պրոֆիլակտիկ բուժում, առողջարաններ։ Ես, օրինակ, ունեմ առողջարանի, ցեխաբուժության կարիք։ 2020 թվականից այս կողմ ՊՆ-ն արդյո՞ք չի կարողացել հայաստանյան որեւէ առողջարանի հետ համագործակցել, որպեսզի հազարավոր վիրավոր տղաներ օգտվեն։ Պետությունն ամբողջ պատասխանատվությունը թողել է մասնավոր վերականգնողական կենտրոնների վրա, բայց նրանց ռեսուրսները սահմանափակ են»,- ասում է Անդրանիկը։
Նախկին սպան ցավով է խոսում հատկապես գյուղերում ապրող վիրավոր տղաների մասին, որոնք, ըստ էության, իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել։ Ըստ նրա՝ ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում՝ թե՛ վերականգնողական կենտրոնները, թե՛ աշխատանքը. «Հայաստանը Երեւանով չի սկսվում, ի վերջո տղաները միայն Երեւանից չեն մեկնել կռվի դաշտ։ Շատերն իրենց «գլխի ճարը» տեսնում են, բայց ո՞ւր է պետությունը, նրա դերը։ Մենք հիմա գյուղերում շատ վիրավոր տղաներ ունենք՝ հենաշարժողական խնդիրներով, որոնց դուրս գալու վայրը միայն բակն է, նրանցով ոչ ոք չի հետաքրքրվում։ Նրանք ի՞նչ անեն, ո՞ւմ դիմեն, իրենց ձայնն արդյո՞ք կլսեն հեռվում»։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։