Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ Եվրամիությունում 12 պետություն ամբողջովին կամ մասամբ զրկվել է ռուսական գազից։
Հանձնակատարը Բաքու էր ժամանել Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու դեպի Եվրոպա ադրբեջանական էներգառեսուրսների ավելացման հարցը։
Էստոնական Postimees պարբերականին տված հարցազրույցում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ գազի մատակարումների ավելացման շուրջ անցնող շաբաթ Բրյուսելը համաձայնության է հասել Իսրայելի եւ Եգիպտոսի հետ, խորացրել է համագործակցությունը Նորվեգիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները մտել են ավարտական փուլ։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ հաշվի առնելով ռուսական գազից հրաժարվելու պատճառով եվրոպական շուկայում առաջացած բացը՝ Բաքուն մտադիր է ավելացնել կապույտ վառելիքի մատակարարումը դեպի Եվրոպա Թուրքիայի տարածքով։
Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 2,6 միլիարդ խմ գազ՝ ակնկալելով, որ 2022-ին այդ ծավալները կավելացնի 30%-ով։ Մասնագետները, սակայն, տարակուսում են` ինչպես է Ադրբեջանն ավելացնելու արտահանման ծավալները։