Անցած դեկտեմբերին Դուսյա Ղազարյանի ավտոմեքենան բակում կայանված է եղել: Մի բեռնատար հարվածել է նրա մեքենային, հետեւի դուռն ու ապակին կոտրել։
«Նախ զանգահարեցինք ապահովագրական ընկերություն։ Իրենք չեկան․ ասացին՝ օնլայն դիմում գրե՛ք, նկարե՛ք եւ ուղարկե՛ք․ մենք կպատասխանենք: Այսինքն՝ ստացվում է՝ ես պետք է իրենց գործն անեի։ Լուսանկարեցի, տեսանկարահանեցի եւ ուղարկեցի»,- ասում է Դուսյան։
20 օր անց ապահովագրական ընկերությունից պատասխանել են՝ առաջարկելով ծիծաղելի գումար։ «Իրենք օգտագործած դետալների գները հաշվում են նվազագույն արժեքով: Ուղղակի, որպեսզի չբողոքարկեմ, քաշքշուքի մեջ չընկնեմ, վերցրի գումարը: Մի քիչ էլ ես ավելացրի, որ մեքենաս նորոգեն»,- պատմում է Դուսյան։
Նրա կարծիքով մեր երկրում ԱՊՊԱ համակարգի աշխատանքը տարեցտարի վատթարանում է ե՛ւ անաշխատունակության, ե՛ւ փոխհատուցումների տրամադրման ժամկետի խախտման մասով։
Ի տարբերություն Դուսյա Ղազարանի՝ վարորդ Արմեն Հայրապետյանը գոհ է ապահովագրական ընկերության մատուցած ծառայություններից։ «Իմ մեղավորությամբ մեկ վթար է եղել, որի պատճառով ապահովագրավճարը մի քանի հազար դրամով թանկացավ։ Նախորդիվ եղել էր եւս մեկ վթար․ հարվածել էին մեքենայիս․ փոխհատուցումը ստացել եմ մի փոքր ուշացումով»,- նշում է Արմեն Հայրապետյանը։
«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Անուշ Մարտիրոսյանն ասում է՝ իրենց ընկերությունում, որպես կանոն, հատուցումները տրամադրվում են սահմանված ժամկետում։ Ուշացումներ հազվադեպ են լինում՝ հիմնականում տեխնիկական պատճառներով։ Քանի որ այժմ ապահովագրական ընկերություններն աշխատում են միասնական հարթակում, պատահում է, որ տեխնիկական խնդիրներ երբեմն առաջանում են։
Անուշ Մարտիրոսյանը նշեց՝ լինում են դեպքեր, երբ ապահովագրական ընկերության աշխատակիցները չեն գնում պատահարի վայր։ Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենքով եւ ՀՀ ապահովագրողների բյուրոյի կանոններով՝ ընկերությունը պարտավոր չէ աշխատակից ուղարկել պատահարի վայր։ «Եթե վթարն այնպիսին է, որ մեր աշխատակիցը պարտադիր պետք է պատահարի վայրում լինի եւ ուսումնասիրություններ անի, բնականաբար նա հնարավորինս արագ հասնում է դեպքի վայր։ Իսկ եթե նա վարորդի նկարագրածից հասկանում է, որ իր՝ պատահարի վայր հասնելն անհրաժեշտություն չէ, վարորդին է խնդրում լուսանկարներ ու տեսանյութեր ուղարկել»։
Երբեմն վարորդները դժգոհում են պահովագրական ընկերության տրամադրած հատուցումից՝ պնդելով, թե մեքենան վերանորոգելու համար ավելի շատ գումար է անհրաժեշտ։ Անուշ Մարտիրոսյանն ասում է՝ ավտոմեքենաների նորոգման շուկայում ֆիքսված գներ չկան։ Սովորաբար վնասի չափը գնահատելիս հաշվի են առնում շուկակայական միջին արժեքը։
«Մյուս խնդիրը վերաբերում է ավտոմասերի, դետալների արժեքին։ Պատահում է, որ վարորդը դժգոհ է, ասում է՝ դուք գնահատել եք X գումար, մինչդեռ այդ դետալն ավելի թանկ է։ Նա խոսում է նոր դետալի մասին, իսկ մենք վնասի չափը գնահատելիս կարեւորում ենք, թե դետալն ինչ մաշվածություն ուներ վթարի պահին, այսինքն՝ օգտագործված դետալի արժեքն ենք հաշվում։ Այս պարագայում էլ ֆիքսված գներ չկան։ Օրինակ՝ Չարբախի եւ Գնունու շուկաներում նույն մաշվածության նույն դետալները կարող են տարբեր արժեքներ ունենալ։ Ահա այսպիսի հարցեր կան, որոնք կարող են դժգոհություն առաջացնել վարորդների շրջանում, թեեւ այդպիսի դեպքեր հաճախակի չեն լինում»,- ասում է Անուշ Մարտիրոսյանը։
2022 թվականի փետրվարի 7-ից ուժի մեջ են մտել ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումները, ըստ որի՝ բազային վճարը 3000 դրամով թանկացել է։ Օրենքը գործելու է բոլոր վարորդների համար՝ անկախ մեքենայի տեսակից ու հզորությունից (ձիաուժ)։ Իսկ ապահովագրավճարի սակագինը կփոխվի՝ կբարձրանա կամ կիջնի՝ կախված վարորդի՝ կարգապահ կամ կարգազանց լինելուց:
Դուսյան ասում է՝ ապահովագրավճարի թանկացումը ողջամիտ որոշում չէր․ «Կարծում եմ՝ պետք է թանկացնեին միայն այն վարորդների ապահովագրավճարները, որոնք պարբերաբար վթարների «հեղինակ» են դառնում»։ Արմեն Հայրապետյանը, սակայն, տրամաբանական է համարում. «Ապահովագրավճարի՝ 3000 դրամով թանկանալը շատ ծանր ֆինանսական բեռ չէ, եթե հաշվի առնենք, թե վթարի դեպքում որքան փոխհատուցում կարող է տրամադրել ԱՊՊԱ-ն»։
Ավտոմեքենաների ապահովագրությունը Հայաստանում պարտադիր է 2010 թվականից։ ԱՊՊԱ (ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ոլորտը կարգավորվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր անվտանգության մասին» օրենքով։ Հայաստանում գործում է ապահովագրական 6 ընկերություն՝ «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ, «Ռեսո» ԱՓԲԸ, «Ռոսգոստրախ Արմենիա» ԱՓԲԸ, «Սիլ ինշուրանս»։
2020 թվականին 527 716 տրանսպորտային միջոցի համար կնքվել է 930 569 պայմանագիր, 2021 թվականին 578 521 տրանսպորտային միջոցի համար՝ 1 023 006 պայմանագիր։ Համեմատության համար նշենք՝ 2011 թվականին կնքվել է 392 722 պայմանագիր։
Ավտովարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանն ասում է՝ ԱՊՊԱ-ն չի կարող նվազեցնել ՃՏՊ-ների թիվը։ Ավտովթարների թվաքանակի աճը պայմանավորված է մի շարք գործոններով։ Հիմնական պատճառներից մեկը մեքենաների խտությունն է։ Մյուս պատճառը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումն է, մասնավորապես՝ երթեւեկության սահմանված արագության գերազանցումը։ Վերջին տարիներին գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների աճ։ 2018 թվականին գրանցվել է 4111 ճանապարհատրանսպորտային պատահար, 2019 թվականին՝ 4799 , 2020 թվականին՝ 4 016, 2021 թվականին՝ 4604 ։
«Եթե հաշվի առնենք ավտոմեքենաների ու ՃՏՊ-ների հարաբերակցությունը, կարելի է ասել՝ մեր երկրում վթարները շատ են։ Ապահովագրական ընկերությունները շահույթ ստացող կառույցներ են։ Մանավանդ ԱՊՊԱ բազային վճարի թանկացումից հետո այդ շահույթը կմեծանա»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է Արտակ Խաչատրյանը։
Երբեմն կարծիքներ են հնչում, թե ՃՏՊ-ից հետո ԱՊՊԱ-ն վարորդին տրամադրում է վնասի իրական չափից ավելի մեծ գումար։ Արտակ Խաչատրյանը համաձայն չէ այս պնդմանը։ Ըստ նրա՝ մասնագետները փորձում են գնահատել այնպես, որ հնարավորինս հարմար լինի ապահովագրական ընկերության շահերին։ Այնպես որ, հօգուտ վարորդի կայացվող որոշումները մեծամասնություն չեն կազմում։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։