Բավարիայի Ալպերի Էլմաու դղյակում նախօրեին մեկնարկած Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովում բացի անդամ պետություններից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից եւ ԱՄՆ-ից, միջոցառմանն այս տարի հրավիրված են նաեւ Ինդոնեզիան եւ Հնդկաստանը։
Ամերիկյան Bloomberg գործակալությունը հայտնել է, որ Մեծ յոթնյակի երկրները Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բազմատրիլիոն դոլար արժողությամբ նախագծին հակազդելու նպատակով մտադիր են զարգացող երկրներում ենթակառուցվածքների զարգացման համար մինչեւ 2027-ը ներգրավել 600 միլիարդ եվրո: Միացյակ Նահանգներն իր հերթին կներգրավի 200 միլիարդ դոլարի ընդհանուր բյուջե:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ G7-ի մյուս առաջնորդները սկսում են պաշտոնական գործընկերություն, որը կվերացնի զարգացող երկրներում ենթակառուցվածքների թերությունները, կամրապնդի համաշխարհային տնտեսությունը եւ մատակարարման շղթաները:
Ըստ Սպիտակ տան կայքում զետեղված հուշագրի՝ ֆինանսավորումը կուղղվի կլիմայի եւ էներգետիկ անվտանգությանը, թվային հաղորդակցությանը, առողջապահությանը եւ գենդերային հավասարությանը: ԱՄՆ եւ Գերմանիայի առաջնորդները գագաթնաժողովի շրջանակում պայմանավորվել են շարունակել ռազմական օգնությունն Ուկրաինային։
Ըստ G7-ի հռչակագրի նախագծի՝ աշխարհի ամենազարգացած երկրները Ուկրաինային ռազմական, հումանիտար, դիվանագիտական աջակցություն կտրամադրեն այնքան, որքան անհրաժեշտ է։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանն ընդգծել է Ռուսաստանին դիմակայելու համար Արեւմուտքի միասնության պահպանման կարեւորությունը։
Բայդենը նշել է, որ Մոսկվան հույս ուներ, թե արեւմտյան երկրները չեն կարողանա խուսափել տարաձայնություններից։ «Սակայն տարաձայնություններ չեն եղել եւ չեն էլ լինելու»,- համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը։